Խաչատուր Սուքիասյանի հարցը թիվ 10 ԸԸՀ-ում կքննարկվի մարտի 28-ին
Թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Խաչատուր Սուքիասյանի, ինչպես նաև մյուս թեկնածուների գրանցման կամ չգրանցման հարցը կքննարկվի վաղը, մարտի 28-ին Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ժամը 15:00-ին կայանալիք նիստում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց թիվ 10 ԸԸՀ նախագահ Սամվել Յազրյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանը դիմել է թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին` խնդրելով իր հարցով որոշում կայացնել հնարավորինս շուտ:
«2012թ. մարտի 17-ին դիմել եմ Ձեզ խնդրելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության 15.03.2012թ. թիվ 25/01-15311 գրությունը հաշվի չառնել և սահմանված կարգով գրանցել ինձ, որպես պատգամավորի թեկնածու: Առ այսօր, թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից որոշում չի կայացվել: Կանխատեսելով թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման ելքը, ինչն ակնհայտ է դառնում իշխանության վերահսկողության տակ գտնվող զանգվածային լրատվամիջոցների կողմից միակողմանիորեն տարածած տեղեկություններից, հաշվի առնելով այն, որ իմ համոզմամբ բացասական որոշումը կայացվելու է որքան հնարավոր է ուշ, որպեսզի փորձեք ինձ զրկել իմ իրավունքներից օգտվելու հնարավորությունից, նաև ժամկետի իմաստով (իսկ մենք լավ գիտենք, որ քարոզչությունն իրականացվում է որոշակի ժամկետում), խնդրում եմ` իմ հարցով որոշումը կայացնել հնարավորինս շուտ»,-ասված էր Սուքիասյանի դիմումի մեջ: