Մահացել է կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը
Մահացել է հայտնի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը: Մշակույթի նախարարությունից Panorama.am-ին հայտնեցին, որ ստեղծվելու է թաղման կառավարական հանձնաժողով:
Ալեքսանդր Հարությունյանը ծնվել է 1920 թ-ին Երևանում: 1941 թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական և դաշնամուրի բաժինները, 1946–48 թթ. կատարելագործվել է Մոսկվայի Հայ մշակույթի տան ստուդիայում: 1954–91 թթ. եղել է Հայֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավար: 1970–2008 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում:
Ա. Հարությունյանի ստեղծագործություններից են` «Հանդիսավոր ձոն և քայլերգ»-ը սիմֆոնիկ նվագախմբի համար, Դաշնամուրի կոնցերտը, «Հայրենիք» կանտատը, «Տոնական նախերգանքը»՝ նվագախմբի, Կոնցերտը՝ շեփորի և նվագախմբի, «Հայկական ռապսոդիան» (համահեղինակ՝ Առնո Բաբաջանյան)՝ երկու դաշնամուրի, «Մեր հին երգերը» ռապսոդիան՝ դաշնամուրի և նվագախմբի համար, «Հայաստանի պարերը» սիմֆոնիկ սյուիտը, «Ասք հայ ժողովրդի մասին» քառամաս վոկալ-սիմֆոնիկ պոեմը, «Սայաթ-Նովա» օպերան և այլն:
Գրել է նաև խմբերգեր, երգեր: 1988 թ-ին կոմպոզիտորն ստեղծել է հանրահայտ Ջութակի կոնցերտը՝ նվիրված Սպիտակի երկրաշարժին: Ա. Հարությունյանը գրել է երաժշտություն թատրոնի և կինոյի համար` «Ուրվականները հեռանում են լեռներից» (1955 թ.), «Սիրտն է երգում» (համահեղինակ՝ Կոնստանտին Օրբելյան, 1956 թ.), «Իմ ընկերոջ մասին» (1958 թ.), «Նահապետ» (1977 թ.):
Հարությունյանն արժանացել է ԽՍՀՄ (1949 թ.), ՀՀ (1973 թ.), Պետական, ՀԽՍՀ մշակույթի նախարարության Արամ Խաչատրյանի անվան (1986 թ.) մրցանակների, Ալեքսանդր Ալեքսանդրովի անվան Ոսկե մեդալի (1977 թ., Ռուսաստան), «Օրփեոս» դիպլոմի (1983 թ., ԱՄՆ), ՀՀ Մովսես Խորենացու մեդալի (1998 թ.) և ՀՀ. Սբ Մեսրոպ Մաշտոցի (2001 թ.), Հայ եկեղեցու Սբ Սահակ-Սբ Մեսրոպի (2004 թ.) շքանշանների, «Կոմիտաս» հուշամեդալի (2008 թ.): Գրել է «Հուշեր» (2000 թ.) գիրքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները