Արթուր Աբրահամ. Հիմա ինձ մոտ ամեն ինչ հիանալի է
3 օր է մնացել Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 32-ամյա Արթուր Աբրահամի ու 33-ամյա լեհ Պյոտր Վիլշևսկու մենամարտին: Ինչպես տեղեկացնում է մարզիկի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը, Արթուր Աբրահամը երեկ անցկացրել է բաց մարզում, ապա մամլուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ մարտի նախապատրաստական փուլն ընթացել է ըստ ծրագրածի, և ներկայում ինքը լավ մարզավիճակում է:
«Ավելի քան 2.5 ամիս լրջորեն նախապատրաստվում եմ մենամարտին: 5 շաբաթ մարզվել եմ Բեռլինից 100 կմ հեռավարության վրա գտնվող մարզաառողջարանային Քինբաում քաղաքում: Մրցակցիս ոճին համապատասխանող բռնցքամարտիկներ էին հրավիրվել Գերմանիա` սպարինգներ անցկացնելու: Հիմա ինձ մոտ ամեն ինչ հիանալի է: Չեմ թերագնահատում Պյոտր Վիլշևսկուն, սակայն կարծում եմ, որ հաղթանակն իմը կլինի»,- ասել է Արթուր Աբրահամը:
Ըստ աղբյուրի, հայ բռնցքամարտիկի մարզավիճակից գոհ է նաև նրա մարզիչը` Ուլի Վեգները:
«Այս ընթացքում մենք` ես և մարզիչս դիտել ենք մրցակցիս մարտերի տեսագրությունները` նրա սխալներն օգտագործելով մենամարտի իմ մարտավարությունը մշակելիս»,- հավելել է Արթուր Աբրահամը:
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախանշված է մարտի 31-ին, Գերմանիայի Քիլ քաղաքի «Sparkassen-Arena» մարզահամալիրում: Աբրահամի մրցակիցն է EBU վարկածով նախկին չեմպիոն 33-ամյա լեհ Պյոտր Վիլշևսկին: Մրցելույթը ցուցադրվելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում Հայաստանի ժամանակով ժամը 2.00 (մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը):
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա