Զատկի տոնին հավկիթի գների անհիմն բարձրացում չի լինի, կարծում են ՏՄՊՊՀ-ում
Ամեն տարի Ս. Զատիկի տոնի հետ կապված` հանրապետությունում նկատվում է հավի ձվի պահանջարկի ավելացում: Որպեսզի տնտեսվարողները առիթից չօգտվեն, մոտ մեկ շաբաթ է ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը սահմանել է ամենօրյա հսկողություն՝ վերջիններիս գործունեության նկատմամբ:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՏՄՊՊՀ-ի մամլո քարտուղար Գայանե Սահակյանը նշեց, որ Հանձնաժողովի մոնիտորինգի խումբը շարունակում է ամենօրյա դիտանցումներ կատարել մանրածախ առևտրի կետերում, սուպերմարկետներում, կատարվում է նաև գնային մոնիթորինգ: Նա նաև հայտնեց, որ տնտեսվարողներին արդեն զգուշացվել է` զերծ մնալ անհիմն և անհարկի թանկացումներից:
«Հանձնաժողովը խիստ վերահսկողություն է իրականացնում և ձվի շուկայում գնային որևէ փոփոխություն դեռ չկա: Հուսանք, որ առաջիկայում ևս պատիժ չի կիրառվի, և ձվի արտադրությամբ ու իրացմամբ զբաղվող տնտեսվարողները կաշխատեն ազատ և մրցակցային կանոններով»,- ասաց Գ.Սահակյանը:
Նշվեց նաև, որ գների փոփոխության դեպքում տնտեսվարողները պետք է ներկայացնեն համապատասխան հիմնավորումներ, որոնց հիման վրա Հանձնաժողովը կկատարվի ուսումնասիրություն, որպեսզի պարզի, թե ինչի պատճառով են գները բարձրացել: Բացի այդ, գների բարձրացման դեպքում Հանձնաժողովը տեղեկատվություն կպահանջի նաև առավել խոշոր սուպերմարկետներից՝ արտադրողների կողմից իրենց մատակարարված ձվի ծավալների վերաբերյալ:
Ըստ ՏՄՊՊՀ-ի մամլո քարտուղարի` Հանձնաժողովի դիտարկմամբ ձվի քանակը ներկայումս բավարար է`ներքին պահանջարկն ապահովելու համար: «Կարծում ենք, որ անհիմն թանկացումներ չեն լինի»:
Գ.Սահակյանը տեղեկացրեց, որ 2010թ-ից սկսած ՏՄՊՊՀ-ն մշտապես իր վերահսկողության տակ է պահում ձվի շուկան: Շուկայում ավելի խիստ վերահսկողություն է սահմանվել այն բանից հետո, երբ Ամանորի նախաշեմին «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան» չիրացրեց արտադրած ձվի ամբողջ քանակը, ինչն էլ արհեստական դեֆիցիտ ստեղծեց շուկայում: Իսկ գերիշխող դիրքը չարաշահելու համար ԼՏԹՖ-ն տուգանվեց 100 մլն դրամով: Դրանից հետո ձվիշուկան, հատկապես տոնական օրերին, եղել է Հանձնաժողովի խիստ վերահսկողության տակ:
Մամլո քարտուղարի խոսքերով` վերահսկողության արդյուքնում նախորդ տարի Զատիկի տոնին գնաճ տեղի չունեցավ և հավկիթի գինը մնաց անփոփոխ:
Նշենք, որ ձվի շուկայում գերիշխող դիրք ունեն «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան» (ԼՏԹՖ), «Արաքս թռչնաբուծական ֆաբրիկան», «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկան» և
«Արզնու տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան»:
Գ. Սահակյանը նաև տեղեկացրեց, որ բրնձի շուկայում նույնպես վերահսկողություն է իրականացվում և որևէ գնային փոփոխություն չկա: Ըստ նրա` նախորդ տարի նույնպես էական փոփոխություններ չեն եղել:
Նշենք, որ այս շուկայում գերիշխող դիրք ունի «Ալեքս Գրիգ» ընկերությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա