Իսրայելական կայք. Իսրայելը Ադրբեջանում ռազմական հենակետեր ունի
Իսրայելի մամուլը Ադրբեջանի հետ իսրայելական կապերի և Հարավային Կովկասում այդ երկրի գործունեության հետ կապված տեղեկություններ է հրապարակել: Հղում կատարելով իսրայելյան Y-net լրատվական կայքին` gunxeber.com-ը «Իսրայելի նոր բարեկամները» վերտառությամբ հոդվածում նշում է, թե հրեական պետությունը տարածաշրջանից դուրս նոր դաշնակիցներ է որոնում: Միևնույն ժամանակ, խոսվում է Թուրքիայի, Հունաստանի և մի շարք աֆրիկյան երկրների հետ Իսրայելի հարաբերությունների մասին: Նշվում է, որ վերջին շրջանում Իրանի հետ Իսրայելի միջև հարաբերություններն ավելի են սրվել:
Հոդվածում նշվում է, որ ներկայումս Իսրայելը սերտացրել է Ադրբեջանի և Վրաստանի հետ իր կապերը: Հեղինակը գրում է, որ ըստ տեղեկությունների` Իրանին մոտ գտնվող այդ երկու երկրներում գործում են Իսրայելի ռազմական կառույցների համար հետախուզական տեղեկությունների հավաքման հենակետեր:
«Այսինքն` հրեական պետությունը Իրանին հետևում է Ադրբեջանից և Վրաստանից: Նման կայանները կարող են օգնել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի զարգացմանը խոչընդոտելու նպատակով Իրանի տարածքում անցկացվելիք հնարավոր գաղտնի գործողություններին», -նշվում է իսրայելական կայքում հրապարակված հոդվածում: