Դ. Ջամալյան. Ամեն մի համատեղ իրականացված ծրագիր նպաստում է մեր ԶՈՒ անձնակազմի պրոֆեսիոնալ աճին
«Վերջին տարիներին մեր երկրում ընթանում են ինտենսիվ պաշտպանական բարեփոխումներ, որոնց նպատակն է ունենալ առավել արդյունավետ կառավարվող Զինված ուժեր: Տվյալ դեպքում բարեփոխում ասելով պետք է հասկանալ առաջատար ռազմական տերությունների զինված ուժերի կառուցվածքի ուսումնասիրություն, ապա յուրացում՝ այդ կառուցվածքի առանձին տարրերի տեղայնացման միջոցով: Այս առումով բնական է, որ մեր երկրի համար ուշագրավ են նաև Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների, այդ թվում և ԱՄՆ զինված ուժերի կազմակերպման առանձնահատկությունները»,- անդրադառնալով պաշտպանության նախարարի ԱՄՆ կատարած այցին ու դրա նշանակությանը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Ըստ փորձագետի՝ նման այցելությունները կարևոր են նաև ճանաչողական առումով. կարևոր են քանզի հանգեցնում են գործնական հետևությունների: «Տարիներ շարունակ ԱՄՆ հետ ծավալվում է արդյունավետ ռազմական համագործակցություն: Մասնավորապես հաջողված կարելի է համարել հայ-ամերիկյան հմագործակցությունը ռազմական կրթության, միջազգային խաղաղարար առաքելությունների ասպարեզներում»,- նկատեց նա:
Դ. Ջամալյանը վստահություն հայտնեց, որ պաշտպանության նախարարի այցը հայ-ամերիկյան ռազմական համագործակցությանը նոր խթան կհաղորդի:
«Կարելի է ակնկալել, որ այցին կհաջորդեն հստակ գործնական արդյունքներ՝ համատեղ իրականացվող բազմաթիվ միջոցառումների, ծրագրերի տեսքով: Իսկ ամեն մի համատեղ իրականացված ծրագիր, միջոցառում նպաստում է մեր Զինված ուժերի անձնակազմի պրոֆեսիոնալ աճին»,- ասաց փորձագետը: