ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար. Այս տարի ոչ միայն հանրապետության դաշտերը կօրհնվեն, այլև լրագրողները
Այս տարի վերամշակող ընկերությունները պատրաստ են մթերել 61 հազար տոննա բանջարեղեն, որից՝ 50 հազար տոննան լոլիկ: Բացի այդ, կմթերվի 25 հազ. 500 տոննա պտուղ, որից 10 հազար տոննա ծիրան, 3500 տոննա դեղձ և 4300 տոննա խնձոր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Նրա խոսքերով՝ արտահանման մասով պահանջարկը կկազմի 30 հազ. 700 տոննա, որից՝ 16 հազար տոննա ծիրան, 11.5 հազար տոննա խաղող, 1.5 հազար տոննա դեղձ և 4.4 հազար տոննա բանջարեղեն: Ըստ Ռ.Մակարյանի՝ այս տարի վերամշակող կազմակերպությունների կողմից պտուղ-բանջարեղենի մթերումների պահանջարկը նախորդ տարվա համեմատ ավելի է մոտ 21.5 հազար տոննայով, իսկ արտահանումների ծավալը՝ 18 հազար տոննայով:
Ռ.Մակարյանը նշեց, որ այս տարի իրացման կանխատեսվող ծավալների մասին տեղեկատվությունը գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների միջոցով տրամադրվելու են գյուղացիական տնտեսություններին, որպեսզի նրանք մինչև գարնանային գյուղատնտեսական աշխատաքներ սկսելը՝ իմանան, թե ինչ մթերքների պահանջարկ կա այս տարի, որպեսզի իրացման հարցում հետո խնդիրներ չառաջանան:
Խոսելով Երևանում կազմակերպված գյուղմթերքների տոնավաճառին, փոխնախարարը տեղեկացրեց, որ գյուղատնտեսության նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանն այս տարի նախատեսում են գյուղմթերքների տոնավաճառների թիվն ավելացնել 1-2-ով: Ըստ նրա՝ ներկայումս աշխատանքներ են տարվում համապատասխան տարածքներ գտնելու ուղղությամբ: Նա նաև նշեց, որ ստեղծվելիք տոնավաճառներում գյուղացիներին անվճար կտրամադրվեն տաղավարներ, կշեռքներ, վրաններ: «Տոնավաճառներում առևտուր են իրականացնելու միայն գյուղացիները, իսկ վերավաճառողների մուտքն արգելվելու է», - ասաց Ռ.Մակարյանը:
Փոխնախարարը ներկայացնելով նախորդ տարվա տվյալները, նշեց, որ անցած տարի Կասյան փողոցում կազմակերպվել է 36 տոնավաճառ. մեկ տոնավաճառի ընթացքում վաճառվել է 50-60 տեսակի մոտ 60.5 տոննա գյուղարտադրանք, իսկ այցելուների թիվը կազմել է 6-7 հազար մարդ:
Անդրադառնալով կաթի գներին, Ռ.Մակարյանը տեղեկացրեց, որ կաթ մթերող ընկերությունները մտադրություն ունեին գները 30 դրամով իջեցնել, սակայն նախարարի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարվել է, որ դա անընդունելի է: «Մենք պայմանավորվեցինք, որ կաթի մթերման գինը 150 դրամից չպետք է իջնի, իսկ հեռավոր շրջաններից բերվող կաթի դեպքում տրանսպորտային ծախսերը կհանվեն»,- ասաց փոխնախարարը: Նրա խոսքերով՝ կաթի մթերման գնի իջեցումը կհանգեցնի նրան, որ անասնապահության ծավալները կնվազեն: Մինչդեռ, ըստ նրա, նախորդ տարի կաթի գնի բարձրացման հետևանքով ավելացել է անասունների գլխաքանակը, իսկ եթե վերամշակող կազմակերպությունները կաթի գինը իջեցնեն, ապա անասնապահության ծավալները նորից կնվազեն:
Լրագրողների հարցին, թե գյուղատնտեսության նախարարությունը պատրատվում է այս տարի էլ հանրապետության դաշտերն օրհնել, Ռ .Մակարյանը նշեց, որ այս տարի ոչ միայն հանրապետության դաշտերը կօրհնվեն, այլև լրագրողները: «Նորմալ երևույթ է»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները