Նույնիսկ ապօրինի գործողություններին չի կարելի հակազդել ապօրինությամբ. Պաշտպանը` Մաշտոցի պուրակի մասին
Այսօր Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրման դեմ բողոքող բնապահպան ակտիվիստները բաց նամակ են հղել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ տեղեկացնելով, որ մարտի 31-ին ապամոնտաժելու են կրպակները, նաև պահանջելով ապահովել կրպակներն ապամոնտաժող 10 քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար, ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը:
«Հնարավորինս աջակցելով Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրման գործընթացում բնապահպան ակտիվիստների գործունեությանը և հայտնելով խնդրին համատեղ լուծումներ գտնելու պատրաստակամությունս` միևնույն ժամանակ կոչ եմ անում նախաձեռնության մասնակիցներին զերծ մնալ սեփական նախաձեռնությամբ մասնավոր իրավաբանական անձի պատկանող տաղավարների ապամոնտաժման գործողություններից, որոնք կարող են գնահատվել որպես ՀՀ օրենսդրության պահանջներին ուղղակիորեն հակասող գործողություններ` հանգեցնելով համապատասխան իրավական հետևանքների»,-արձագանքել է ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:
Նա նաև հորդորել է համաքաղաքացիներին շարունակել իրենց համոզմունքների և հայացքների համար պայքարը` բացառապես իրավական գործընթացների շրջանակներում և օրենքով չարգելված բոլոր միջոցներով:
«Մինչև տվյալ խնդրի վերաբերյալ առաջիկա շաբաթներին հանրությանը իմ վերջնական իրավական գնահատականը ներկայացնելը, որպես ընդհանուր սկզբունք բոլոր իրավիճակների համար, անհրաժեշտ եմ համարում նշել, որ նույնիսկ ապօրինի գործողություններին չի կարելի հակազդել ապօրինությամբ: Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրման իրավաչափության հարցը դեռևս գտնվում է մեր ուսումնասիրման և քննարկման փուլում, պատրաստակամ ենք շարունակել համագործակցությունը քաղաքացիական նախաձեռնության կազմակերպությունների և անձանց հետ` խնդրի կարգավորման համար իրավական լուծումներ գտնելու նպատակով»,-ասված է ՄԻՊ հայտարարության մեջ:
Նախորդող հրապարակում`
Մարտի 31-ին 10 հոգով կապամոնտաժեն կրպակները. Բաց նամակ ոստիկանապետին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա