Ժամանակն է հրաժարվել այդ ամոթալի պահանջից. Բաց նամակ վարչապետին
102 քաղաքացիներ, որոնց մի մասը հաշմանադմություն ունեցողներ են, բաց նամակ են հղել վարչապետ Տիգրան Սարգսյանին` պահանջելով կրթություն առանց խտրականության: Նամակի ներքո ստորագրել են Զարուհի Բաթոյանը, Գևորգ Քեհյանը, Ռուզան Բադալյանը, Տիգրան Աբաջյանը, Արա Հարությունյանը, Լիլյա Կարապետյանը, Արեն Ապիկյանը, Արման Մուշեղյան և այլք:
«Պարոն վարչապետ
Այսօր Հայաստանում խտրականություն է դրսևորվում հաշմանդամություն ունեցող այն դիմորդների նկատմամբ, ովքեր ուզում են իրենց կրթությունը շարունակել Հայաստանի պետական բուհերում և սովորել պետպատվերի շրջանակում:
Վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում 1-ին ու 2-րդ խմբերի, ինչպես նաև մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամ անձիք անվճար ուսուցման համակարգ ընդունվելու համար պետք է բժշկաuոցիալական փորձաքննության (ԲՍՓ) գործակալության կողմից եզրակացություն ներկայացնեն այն մասին, որ տվյալ մասնագիտությունը հակացուցված չէ անձին: Այսինքն, հաշմանդամություն ունեցող դիմորդը նախ պետք է թույլտվություն ստանա իր ուզած մասնագիտությամբ սովորելու համար, այլապես նրա դիմում-հայտը չի ընդունվի:
Այս պահանջը մարդու իրավունքների կոպիտ խախտում է, որը հակասում է Կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիային, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, ինչպես նաև մի շարք այլ միջազգային և տեղական իրավական փաստաթղթերի:
Տարիներ շարունակ այս կարգը (ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ) նույնությամբ վերահաստատվում է ՀՀ կառավարության կողմից, առանց ուշադրություն դարձնելու անհատների և հասարակական կազմակերպությունների արձագանքներին:
Ժամանակն է, հրաժարվել այդ ամոթալի պահանջից, որը խտրականության դրսևորում է հաշմանդամություն ունեցող դիմորդի նկատմամբ: Ոչ ոք իրավունք չունի անձի փոխարեն որոշում կայացնելու և կանխորոշելու նրա հետագա կենսակերպը:
Պահանջում ենք վերանայել ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ կարգի 105.1 կետը և հրաժարվել բժշկաuոցիալական փորձաքննության գործակալության կողմից տրված եզրակացությունը պահանջելուց: Տվյալ եզրակացությունը միայն խորհրդատվական բնույթ է կրում և այն չպետք է սահմանափակի մարդու իրավունքը միայն այն պատճառով, որ նա հաշմանդամություն ունի»,-ասված է կառավարության ղեկավարին ուղղված նամակում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան