Սուքիասյանի պաշտպանը վճռական է. Կհասնեն մինչև եվրոպական դատարան (Լրացված)
Թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովի նիստում ընդունված որոշումը Խաչատուր Սուքիասյանը պատրաստվում է բողոքարկել վարչական դատարան: Այդ մասին այսօր թիվ 10 ընտարատրածքային ընտրական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սուքիասյանի փաստաբան Արա Զոհրաբյանը:
«Մենք վճռական ենք և պատրաստվում ենք դիմել Վարչական դատարան, եթե Հայաստանի դատական ատյաններում հաջողության չհասնենք, կդիմենք եվրոպական դատարան», -հայտարարեց Զոհրաբյանը:
Նրա խոսքով, առաջիկա մի քանի օրերի ընթացքում հայցադիմումը կպատրաստվի և իրենք գործի կանցնեն:
Պատգամավորության թեկնածուների գրանցումն ավարտվում է ապրիլի 1-ին, դիտարկմանը, թե հնարավո՞ր է մինչ այդ չհասցնեն անցնել դատական գործընթացների միջով, Զոհրաբյանը պատասխանեց. «Դատարանը այս տիպի գործերով արագ քննություն կանցկացնի, իսկ վճիռը մտնում է ուժի մեջ հրապարակման պահից»:
Նրա խոսքով, իրենք հայցով դիմելու են ընդդեմ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի, քանի որ այստեղ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության գրությունը, որով պահանջվում էր անվավեր ճանաչել ոստիկանության Էրեբունու բաժնի տեղեկանքը, առանց համապատասխան կնիքի է և չի համարվում «վարչական ակտ»:
«Մեր կարծիքով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը չէր կարող որևէ այլ գրության վրա հիմնվել, այն պարզ պատճառով, որ ներկայացված է սահմանված ձևով տեղեկանք, որը տրված է եղել Խաչատուր Սուքիասյանին վարչարարության արդյունքում», -նկատեց Զոհրաբյանը:
Թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սամվել Յազրյանն ասաց, որ իրենք ի գիտություն են ընդունում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու տարածքային կառույցի վերադասի` Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության գրությունը: «Մենք չենք կարող քննարկել` ոստիկանության գործողություններն իրավաչա՞փ են, թե՞ ոչ», -հավելեց ԸԸՀ նախագահը:
Ինչ վերաբերում է Հայաստանում մշտապես բնակվելու կամ չբնակվելու խնդրին, Զոհրաբյանն ասաց, որ հայաստանյան օրենսդրությամբ, պատգամավորի թեկնածուն պետք է մշտապես ապրի Հայաստանում:
«Եթե մեկ օր անձը բացակայում է Հայաստանից, նշանակում է նա չի ապրել Հայաստանում մշտապես: Տասն ամիսը մեկ տարվա մեջ առավելապես է, եթե մենք դա դիտարկում ենք հինգ տարիների համատեքստում, ապա այդպես ստացվում է ոչ մշտապես: Մենք գտնում ենք, որ հինգ տարիների ընթացքում մշտապես բնակվելու խնդիրը լուծված է», -նկատեց փաստաբանը:
Նշենք, որ Երևանի Կենտրոնի մի մասն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հերթական նիստում ձայների մեծամասնությամբ որոշվել էր մերժել մեծամասնական ընտրակարգով առաջադրված Խաչատուր Սուքիասյանի թեկնածությունը: Թիվ 10 ԸԸՀ նախագահ Սամվել Յազրյանը որոշումը հիմնավորել էր նրանով, որ Սուքիասյանի ներկայացրած փաստաթղթերը «թերի են կամ կեղծված»:
Նախորդիվ` Սուքիասյանի թեկնածությունը չգրանցվեց
Խաչատուր Սուքիասյանն ի սկզբանե գիտակցել է, որ իր թեկնածությունը չի գրանցվելու
Հ.Հակոբյանը դիմել է ՄԻՊ. «Ինչո՞ւ են Խ.Սուքիասյանին հրաժարվում գրանցել, բայց Ս.Սարոյանին գրանցում են»
Փաստաթղթերն անթերի են. Խաչատուր Սուքիասյանը խնդրում է գրանցել իրեն
Թիվ 10 ԸԸՀ նախագահն առաջարկեց չգրանցել Խաչատուր Սուքիասյանի թեկնածությունը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում