Թուրքերը ֆիլմ են պատրաստում այլ երկրների իրականացրած «ցեղասպանությունների» մասին
Թուրքիայի Աթաթուրքի անվան համալսարանի գրականության ֆակուլտետի դասախոս և «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» (ASİMDER) կոչվող կազմակերպության փոխնախագահ Սավաշ Էղիլմեզը հայտարարել է, որ իրենք վավերագրական ֆիլմ են պատրաստել այն երկրների անցյալի մասին, որոնք ստիպում են Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ըստ թուրքական «Haberaktuel» լրատվական կայքի` Էղիլմեզը նշել է, որ ուսումնասիրելով այդ երկրների պատմական անցյալը` բացահայտել են նրանց իրականացրած մի շարք ցեղասպանությունների ու կոտորածների փաստեր: Առկա վավերաթղթերը և լուսանկարները մեկտեղելով պատրաստել են քառալեզու (թուրքերեն, անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն) կարճամետրաժ վավերագրական մի ֆիլմ:
«Ապրիլի 24-ին ընդառաջ ամերիկահայությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացրել հակաթուրքական մի բանաձև և սկսել է ճնշում գործադրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վրա իր ուղերձում «ցեղասպանություն» բառը հնչեցնելու համար: Մենք էլ այդ ճնշումը նվազագույնի հասցնելու համար մեր պատրաստած վերոհիշյալ ֆիլմն ուղարկելու ենք ԱՄՆ նախագահին, սենատորներին և ներկայացուցիչների պալատի անդամներին»,- ասել է Սավաշ Էղիլմեզը: