6 մլն դրամ՝ Արաքս գետի գարնանային հեղեղումների ու սելավի ժամանակ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով
Վերաբաշխում կատարելով 2012 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը 6 մլն դրամ է հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` Արաքս գետի գարնանային հեղեղումների ու սելավի ժամանակ գետի առափնյա բնակավայրերի բնակչության անվտանգությունն ապահովելու, գյուղատնտեսական հողատեսքերն ու հողատարածքները վարարումից, սելավից ու ջրածածկումից պաշտպանելու նպատակով ափամերձ կառույցների առավել վտանգավոր հատվածներն ի հայտ բերելու և համապատասխան փաստաթղթերը պատվիրելու համար։
«Արտակարգ իրավիճակների նախարարն ինձ ներկայացրել է վերլուծական նյութ, որը վերաբերում է վարարման ռիսկերին, - ասել է վարչապետը։ - Դրանցից ելնելով սպասում եմ պատկան մարմինների առաջարկություններին` կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար։ Այսօր հատկացված գումարով կկազմվեն յոթ ռիսկային կետերում կատարվելիք աշխատանքի նախագծերը։ Անհրաժեշտ է համանման աշխատանք կատարել երկրի ամբողջ տարածքում»։
Գործադիրը որոշել է Երևանի քաղաքապետին լիազորել ՀՀ անունից «Ավագ-շին» ՍՊԸ հետ կնքել Երևան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով և Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրեր, որոնց կնքումից հետո հնարավոր կլինի նշված տարածքի նկատմամբ ճանաչել նոր բացառիկ` գերակա հանրային շահ և ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, ինչպես նաև տարածքում կառուցված շենքից համապատասխան տարածքը հանձնել ՀՀ ոստիկանությանը։
Կառավարության որոշմամբ՝ ՀՀ թռիչքային տեղեկատվության գոտու սահմաններում Եվրոկոնտրոլ միջազգային կազմակերպության Մայրուղային գանձումների բազմակողմանի համակարգում Հայաստանի տեխնիկական ինտեգրումից հետո` 2011 թ. մատուցված աերոնավիգացիոն ծառայությունների դիմաց «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ին վճարելու նպատակով գործադիրը ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը հատկացրել է 4 հազար 457.70 եվրոյին համարժեք դրամ։