Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը փորձում է պարզել, թե չմակնշված ձվերը որտեղից են հայտնվել խանութներում
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ահազանգ է ստացել այն մասին, որ Գյումրու խանութներից մեկում վաճառվում է չմակնշված ձու: Panorama.am-ի հետ զրույցում ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը հայտնեց, որ ահազանգից հետո ծառայության մարզային տեսուչը պարզել է, որ այն ոչ մի ընկերության էլ չի պատկանում: «Ձվի նշված խմբաքանակը խանութին հանձնած քաղաքացին ասել է, որ այն ձեռք է բերել մայրաքաղաքում»,- ասաց նա:
Ըստ Բ.Պիպոյանի՝ Երևանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում չմակնշված ձու հայտնաբերվել է միայն Սասունցի Դավթի արձանին հարակից տարածքի կրպակներից մեկում: «Հիմա փորձում ենք պարզել, թե որ ընկերությանն է այն պատկանում, արդյո’ք մաքսանենգ ճանապարհով է ձուն ներկրվել հանրապետություն, քանի որ արդեն ունենք կասեցված խմբաքանակ, որը ներկրվել է մեկ ընկերության կողմից»,- ասաց Բ.Պիպոյանը, սակայն չցանկացավ նշել, թե խոսքը որ ընկերության մասին է, քանի որ, ըստ նրա, հնարավոր է՝ այն իրենց չի պատկանում:
«Հիմա փաստաթղթային ուսումնասիրություններ են կատարվում: Չի բացառվում, որ այն ոչ թե մաքսանենգ ճանապարհով է ներկրվել, այլ դեկտեմբերին ներմուծված ձու լինի, որը պահեստավորել են և հիմա Ս.Զատիկի տոնի հետ կապված շուկա են դուրս բերել»,- նշեց Բ.Պիպոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա