Վարչապետ. Կոտայքի մարզն աչքի է ընկնում աղքատության բարձր մակարդակով
Այսօր Կոտայքի մարզում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստն սկսվել է Կոտայքի մարզի 2011 թ. և 2012 թ. հունվար-փետրվար ամիսների սոցիալ-տնտեսական իրավիճակի և իրականացվող ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հաշվետվությամբ։
Ըստ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, վարչապետ Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ արտագնա նիստից առաջ ավանդական հարցում է անցկացվել նաև Կոտայքի մարզում, որտեղ արձանագրվել են հետևյալ առանձնահատկությունները. «Առաջինը պետք է նշենք, որ Կոտայքի մարզը միակն է, որը չունի արտաքին սահմաններ, և դա նաև ազդում է մեր քաղաքացիների սպասումների վրա։ Առաջին տեղում գործազրկության խնդիրն է։ Մարզպետը նույնպես իր հաշվետվության մեջ նշեց, որ Չարենցավանում, Նոր Հաճնում, Բյուրեղավանում, Հրազդանում, որոնք խոշոր արդյունաբերական կենտրոններ էին, Սովետական Միության փլուզումից հետո խոշոր գործարանները դադարեցրին իրենց աշխատանքը, և գործազրկությունը թիվ մեկ խնդիրը դարձավ մարզի համար։ Այսօր էլ մենք տեսնում ենք, որ ընտանեկան բյուջեների սպառման 35 տոկոսը հիմնականում սնունդն է, և սոցիալ-տնտեսական ցուցանիշներով Կոտայքի մարզն աչքի է ընկնում առաջին հերթին աղքատության բարձր մակարդակով, ինչը պայմանավորված է հենց այս առաջին հանգամանքով»:
Ըստ վարչապետի, Կոտայքի մարզի երկրորդ առանձնահատկությունն այն է, որ քաղաքներից ամեն մեկն ունի իր յուրահատկությունը, և ներքին ինտեգրվածության աստիճանը բավական ցածր է։ «Հետաքրքրական է, որ բնակչության չնչին մասն է առաջնահերթ ոլորտ համարում տուրիզմը»:
Նրա խոսքով` չնայած տուրիստական բազմաթիվ օբյեկտներ կան մարզում (Գառնի, Գեղարդ, Ծաղկաձոր), բնակչությունը մարզի ապագան տեսնում է առաջին հերթին աշխատատեղերի ստեղծման մեջ, բայց ոչ տուրիզմի ոլորտում։ Նրա կարծիքով, սա է նաև այս մարզի առանձնահատկությունը։
«Առաջնահերթությունները հետևյալ հերթականությամբ են գնահատում մարզի մեր քաղաքացիները։ Առաջին տեղը աշխատատեղերի ստեղծումն է, երկրորդ տեղում ճանապարհաշինարարությունը, երրորդ տեղում` գյուղի աջակցությունը, չորրորդ տեղում` առողջապահության ոլորտը։ Եվ միայն հինգերորդ տեղում է աշխատավարձի բարձրացման խնդիրը։ Մարզի հաջորդ խնդիրը ուսուցիչների պակասն է։ Չնայած դպրոցները բավական մեծ թափով նորոգվել են, այսօր դպրոցներում համար մեկ խնդիրն այն է, որ երիտասարդները չեն գալիս դպրոցում աշխատելու` որպես ուսուցիչ, և սա ըստ հարցումների արդյունքի մարզի բնակչությունը համարում է կարևոր խնդիր։ Մի առանձնահատկություն էլ կա, որը բխում է բազմազանությունից, որ կա մարզում. ինքնանույնացման խնդիրն է, որը լուծված չէ, այսինքն` կոտայքցի հասկացությունը չկա, ինչպես ասենք` լոռեցի, սյունեցի, և դա էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքներն իրարից շատ են տարբերվում և իրար հետ կապված չեն ու այդ առումով էլ ներքին ինտեգրվածության խնդիրը մարզի համար չափազանց կարևոր է։ Միգուցե դրանով է պայմանավորված, որ մարզի բնակիչները աշխատատեղերից հետո թիվ մեկ խնդիրը համարում են ճանապարհաշինարարությունը, միջհամայնքային ճանապարհների կառուցումը և ընդհանրապես ճանապարհների վիճակը, որը երևի այդ խնդրի պատասխանը կտա։
Հետաքրքիր է, որ չնայած այլ մարզերի համեմատ սոցիալ-տնտեսական ցուցանիշները բարվոք չեն, մարզն ամենալավատեսն է, այսինքն` քաղաքացիները ապագայի նկատմամբ տրամադրված են լավատեսությամբ, և ինչն է հետաքրքիր, որ արտագնա աշխատանքի տեսակետից ամենացածր տեսակարար կշիռը կա, և հարցումները ցույց են տալիս, որ բնակչության շատ չնչին մասն է, որ իր ապագան կապում է արտագաղթի հետ` ի համեմատություն այլ մարզերի։ Նման տրամադրությունները Կոտայքի մարզում համեմատաբար քիչ են»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին