Քանդակագործը «անճոռնի» բառի համար դատի է տվել Էրդողանին
Թուրքիայի Կարս քաղաքում ապամոնտաժված «Մարդկայնության հուշարձանին» «անճոռնի» բնորոշումը տալու համար քանդակագործ Մեհմեթ Աքսոյի` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայի Էրդողանի դեմ ներկայացրած դատական հայցին ի պատասխան` վարչապետի փաստաբանը պաշտպանական գրություն է ուղարկել դատարան: Այս մասին տեղեկացնում է թուրքական « Հյուրիյեթ» (Hurriyet) պարբերականը:
Ըստ պարբերականի` վարչապետի փաստաբանի ներկայացրած գրության մեջ ասվում է, որ հայցորդը չի կարող ոչ մեկի պարտադրել իր գեղագիտական ճաշակը: Ապա, փաստաբանը ավելացնում է, որ վարչապետի այդ արտահայտությունն ամբողջությամբ կապված է եղել արձանի դիրքի և գտվելու վայրի հետ:
«Իմ պաշտպանյալի խոսքում ոչ արձանին, ոչ էլ քանդակագործին ուղղված ոչ մի վիրավորանք չկա: Իսկ «անճոռնի» բառը, ինչպես նշված է Թուրքիայի լեզվի տեսչության բառարանում, ունի նաև «շատ տարօրինակ, անսովոր» իմաստը և բառը հենց այս իմաստով է օգտագործվել վարչապետի կողմից»,- ասվում է պաշտպանական գրության մեջ:
Հիշեցնենք, որ վերոնշյալ հուշարձանը ստեղծվել էր Կարսի քաղաքապետարանի պատվերով: Սակայն Կարս այցելած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջել էր ապամոնտաժել Կարսում տեղադրված այդ հուշարձանը` այն անվանելով անճոռնի և այլանդակ: Հուշարձանի նախնական անունը եղել է «Հայաստանի հետ բարեկամության և հաշտության հուշարձան», իսկ հետո, կտրուկ արձագանքներ ստանալով, փոխվել է` «Մարդկայնության հուշարձան»-ի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում