Ապրիլի 8-ից Շուշանը և մյուսները կիջնեն հեռուստառադիոեթերից, հակառակ դեպքում…
Մինչև ապրիլի 8-ը երգչուհի Շուշան Պետոսյանը, որն ընդգրկված է Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում (16-րդ հորիզոնական), կարող է ազատորեն երգել հայաստանյան հեռուստառադիոեթերում: Դա վերաբերում է ոչ միայն երգչուհուն, այլ նաև պատգամավորության թեկնածու գրանցված հեռուստառադիո լրագրողներին ու այս կամ այն կերպ հայտնի մարդկանց:
Ապրիլի 8-ից Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) իր նախապես մշակած մեթոդաբանության հիման վրա, հեռուստառադիոեթերի մշտադիտարկում է իրականացնելու: ՀՌԱՀ-ի աշխատակազմի մշտադիտարկում իրականացնողները ապրիլի 8-ից մինչև մայիսի 4-ը ժամը 24:00-ն հետևելու են եթերին և պարզեն` որ թեկնածուն ինչքա՞ն է երևում եթերում և արդյոք կա՞ն հեռուստառադիոեթերի տրամադրման անհավասար պայմաններ թեկնածուների միջև: Մշտադիտարկում իրականացնողների համար կարող է հիմք համարվել նաև հասարակական կազմակերպությունների, նախընտրական շտաբերի, լրագրողների ահազանգերը:
ՀՌԱՀ անդամ Արմեն Մկրտչյանը Panorama.am-ի հետ զրույցում ներկայացնելով մշտադիտարկման էությունը, ասաց, որ պատգամավորության թեկնածու գրանցված հեռուստառադիոլրագրողի, կամ այս կամ այն արտիստի հայտնվելը հեռուստառադիոեթերում կդիտվի որպես քարոզչություն: Դա կարող է վերաբերել նաև երգչուհի Շուշան Պետրոսյանին:
«Մոնիտորինգ իրականացնող պատասխանատուի համար ոչ մի տարբերություն չկա թեկնածուի մասնագիտական ուղղվածությունը` պաշտոնյա է, թե երգչուհի. այն պահից երբ նա գրանցվեց որպես թեկնածու և սկսվեց քարոզչության պաշտոնական ժամանակահատվածը, թեկնածուի` հեռուստառադիոեթերում երևալը կդիտվի որպես քարոզչություն: Անկախ նրանից, որ ինքը մեր կողմից հարգված երգչուհի է, մենք նրան դիտարկելու ենք որպես գրանցված թեկնածու, և մեր մոնիտորը պարտավոր է գրանցել որպես քարոզչություն», հավելեց ՀՌԱՀ անդամը:
Նրա խոսքով, մշտադիտարկում իրականացնողները պետք է հետևեն բացառապես մեկ սկզբունքի ապահովմանը` հավասար պայմաններ ստեղծել հեռուստառադիոեթերում բոլոր թեկնածուների համար:
Օրինակ, եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի 76-րդ հորիզոնականում ընդգրկված մարզիկ Նազիկ Ավդալյանը քարոզարշավի ընթացքում հրավիրվի մարզական որևէ հեռուստահաղորդման, դա կդիտվի որպես քարոզչություն ԲՀԿ-ի օգտին:
«Թեկնածուի` ցանկացած եթերում երևալը մենք գնահատելու ենք որպես քարոզչություն, որովհետև մեկին հրավիրելով, մյուսին չհրավիրելով անհավասար դաշտ կստեղծվի գրանցված բոլոր թեկնածուների միջև», -հավելեց մեր զրուցակիցը:
Երգչուհի Շուշան Պետրոսյանը չգիտեր, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ հեռուստառադիոեթերով հեռարձակվող իր տեսահոլովակները կարող են դիտվել որպես քարոզչություն: Բայց նրա համար առանձնապես մտորելու բան էլ չկա. «Էնպես չի, որ ես ամեն օր եթերներում եմ: Շատ վաղուց ինձ ցույց չեն տալիս և առհասարակ մեր սերնդին: Այնպես որ առանձնապես բան չի փոխվելու», -մեզ հետ զրույցում փոխանցեց նա:
Նա ասաց, որ մտադիր չէ հեռուստառադիոընկերություններին զգուշացնել, որ իր տեսահոլովակները այդ ժամանակահատվածում չհեռարձակեն: «Եթե օրենքը այդպես է պահանջում, ապա բոլոր մարմինները պարտավոր են իմանալ այդ մասին», -նկատեց պատգամավորության համար պայքարող երգչուհին:
Մեկ ամսով ռադիոեթերին «բոյկոտ» է հայտարարելու նաև «Ռադիո հայ» ռադիոկայանի լրատվական ծառայության հաղորդավար Արաքսյա Պողոսյանը, որն ընդգրկված է «Ժառանգության» համամասնական ցուցակում: Panorama.am-ի հետ զրույցում նա ասաց, որ իր հաշվին մեկ ամիս արձակուրդ է վերցրել և մինչև մայիսի 6-ը իր ձայնը չի լսվի ռադիոեթերից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները