Վարչապետ.Այս տարի ճանապարհաշինությունը դառնալու է առաջնահերթություն, քանի որ ճանապարհների վիճակը կտրուկ վատթարացել է
ՀՀ կառավարությունը հաստատել է «Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի 82-րդ կիլոմետրի սողանքի հետևանքով փլուզված հատվածի վերականգնման աշխատանքներ» գնման արդյունքը` ընտրված մասնակից ճանաչելով համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա գործող «Ճանապարհ» և «Արարատ-Ճանշին» ՍՊԸ-ներից կազմված կոնսորցիումը 549 մլն 999 հազար 983 դրամ պայմանագրային գումարով։ Որոշման ընդունումը թելադրված է հորդառատ անձրևների և այլ բնածին անկանխատեսելի երևույթների հետևանքով հրատապ հիմնանորոգում պահանջող ճանապարհահատվածների և տրանսպորտային օբյեկտների նորոգման և դրանց գնման գործընթացի կազմակերպման անհրաժեշտությամբ։ Այս առնչությամբ վարչապետը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրել է առաջնահերթ նորոգման կարիք ունեցող ճանապարհների ցանկի վրա, որտեղ ստեղծվել է վտանգավոր իրավիճակ։
«Անհրաժեշտություն կա հնարավորինս շուտ սկսել նորոգման աշխատանքները, հակառակ դեպքում գործ կունենանք լուրջ ռիսկերի՝ ճանապարհների փլուզման, երթևեկության դադարեցման հետ», - հավելել է Տիգրան Սարգսյանը։ Ըստ նրա՝ այժմ տրանսպորտի և կապի նախարարությունը ֆինանսների նախարարության հետ ներկայացրել են առաջարկություններ ըստ առաջնահերթությունների, թե ինչպես պետք է վերաբաշխեն 2012 թվականի պետական բյուջեի միջոցները, որոնք նախատեսել էին ճանապարհաշինության համար։ «Ընդհանրապես, պետք է արձանագրենք, որ այս տարի ճանապարհաշինությունը մեզ համար դառնալու է առաջնահերթություն, որովհետև մենք տեսնում ենք, որ ճանապարհների վիճակը կտրուկ վատթարացել է՝ պայմանավորված ձմեռային առանձնահատկություններով և ճանապարհների մաքրման գործողություններով, որոնց արդյունքում ճանապարհները քայքայվել են ավելի շատ, քան նախորդ տարի։ Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է բյուջեում վերաբաշխում կատարել և չորրորդ եռամսյակի համար նախատեսված գումարները տեղափոխել երրորդ եռամսյակ և օր առաջ սկսել այդ աշխատանքները»,- ընդգծեց է Տ.Սարգսյանը: