«Նախագահի մոտ վստահություն ստացած երիտասարդ գիտնականներն ինքնակազմակերպման մակարդակ դեռ չեն կարողանում դրսևորել»
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել երիտասարդ գիտնականների խորհրդի հետ, որոնց ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո, որպես հավելյալ աջակցություն պետության կողմից 100 մլն դրամ գումար էր հատկացվել: Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում երիտասարդ գիտնականները ՀՀ կրթության և գիտության նախարարի հետ քննարկել են խորհրդի աշխատակարգը, որի շուրջ նրանք որոշակի անհամաձայնություններ ունեին: Աշխատակարգը ձևավորվել է գիտնականների առաջարկությամբ, աշխատակարգի համաձայն գիտնականներն իրենք պետք է կատարեն գումարի բաշխումը:
«Ցավալի է, որ երիտասարդ գիտնականները, ովքեր հանրապետության նախագահի առջև ծրագիրն իրականացնելու պատասխանատվություն են ստանձնել, և ստացել այդ վստահությունը, այս պահին ինքնակազմակերպման բավարար մակարդակ չեն կարողանում դրսևորել: Վստահ եմ, որ գումարը տեղ է հասնելու, թե ինչպես, և աշխատանքային որ խմբի կողմից` տեխնիկական խնդիր է»,- ասել է Արմեն Աշոտյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երիտասարդ գիտնականների բոլոր վիճահարույց հարցերը, նախարարի և խորհրդակցության խմբի անդամների միջնորդությամբ կայացվել է վերջնական որոշում աշխատակարգի վերաբերյալ: Նախարարը հույս է հայտնել, որ երիտասարդ գիտնականները ի վիճակի կլինեն արագ տեմպերով կյանքի կոչել երիտասարդ գիտնականների աջակցության և գիտական ներուժի բացահայտման ծրագրերը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան