«Եթե Ադրբեջանը օրինական իրավունքների իրականացումը դիտում է որպես պռովոկացիա, ապա նա խնդիր ունի ողջ աշխարհի հետ»
«Միջազգային իրավունքի բոլոր հեղինակավոր սկզբունքների համաձայն՝ յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի ձևավորելու օրինական իշխանություններ, ինչը որ 20 տարի շարունակ իրականացնում է Արցախի ժողովուրդը»,- մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարությունն այն մասին, թե Ղարաբաղում իրականացված ցանկացած ընտրություն անօրինական է՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:
Հարցին, թե՝ ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակի այն հայտարարությունը, թե Ղարաբաղում կայանալիք ընտրական պրոցեսները Հայաստանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններ են, պատգամավորը նշեց. «Եթե ժամանակակից աշխարհում, օրինական իրավունքների իրականացումն Ադրբեջանը դիտում է որպես պռովոկացիա, ապա նա խնդիր ունի ողջ աշխարհի հետ: Մի ողջ ժողովրդի իրավունքի իրացումը երբեք չի կարող որպես պռովոկացիա դիտվել, քանի որ այն միջազգայնորեն ամրագրված է իրավունք է»:
Ըստ պատգամավորի՝ ուրիշ հարց, եթե Ադրբեջանն առհասարակ ընտրական պրոցեսները որպես այդպիսին պռովոկացիոն է համարում:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրապարակել է Արցախի խորհրդարանի հայտարարությունը՝ ԼՂՀ նախագահի ընտրության օրը նշանակելու մասին: Հայտարարության մեջ ասված է. «Առաջնորդվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 63-րդ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 87-րդ հոդվածներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը 2012 թվականի հուլիսի 19-ը հայտարարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հերթական ընտրության օր: