Նորարարական մրցույթ. Խելացի երկրների խելացի լուծումները
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), Հայաստանի Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնը, Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի Բիզնես Ինկուբատորը և Եվրասիա Միջազգային Համալսարանը (ԵՄՀ)՝ Key Solutions խորհրդատվական ընկերության աջակցությամբ, հայտարարում են նորարարության, ՏՀՏ միջոցներով տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացման, էլեկտրոնային բիզնեսի խթանման մրցույթ հետևյալ ուղղություններով՝ պետական ծառայություններ, էլեկտրոնային առևտուր, ՏՀՏ կիրառման արդյունավետությունը բիզնեսի տարբեր բնագավառներում, գործարարության նոր և նորարար ուղղություններ:
Ինչպես տեղեկացնում են ԻՏՁՄ-ից, մրցույթը կանցկացվի 3 փուլով: 1-ին փուլում մասնակիցները կներկայացնեն իրենց գաղափարները, որոնցից կընտրվեն նորարարները և մրցունակները: Այնուհետև մասնակիցների ցանկությամբ և փորձագետների գնահատման արդյունքներով կձևավորվեն աշխատանքային խմբեր, որոնք էլ մրցութային 2-րդ և 3-րդ փուլերի ընթացքում մենթորների և մասնագետների աջակցությամբ կմշակեն իրենց գաղափարները` կառուցելով նորարական գաղափարի բիզնես-մոդելը և ձգտելով այն հասցնել փորձնական նախատիպի կամ աշխատանքային մոդելի տեսքի:
Հաղթող թիմերը նորարարության և մրցունակության բարձրացման գաղափարների փորձնական նախատիպերը կամ աշխատանքային մոդելները հնարավորություն կունենան ներկայացնելու Դիջիթեք Բիզնես Ֆորում և Եվրասիական տնտեսական միջազգային երիտասարդական համաժողովի IT-Start-ups մրցույթում: Բացի այդ նորարական գաղափարների համար կկազմվեն համապատասխան բիզնես-պլաններ և փաստաթղթեր ֆոնդահայթայթման համար: Հնարավոր է նաև, որ հաղթող թիմերին տրամադրվի համապատասխան աջակցություն նորաստեղծ ընկերությունների գրանցման համար:
Փուլերի ընթացքում թիմերին խորհրդատվական և մենթորական աջակցություն կցուցաբերեն Key Solutions խորհրդատվական ընկերության, Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի Բիզնես Ինկուբատորի և Եվրասիա Միջազգային Համալսարանի դասախոսական և փորձագիտական անձնակազմը: Թիմերը հնարավորություն կունենան ստանալու նաև նեղ մասնագիտական խորհրդատվություն ԻՏՁՄ անդամ ընկերությունների, համագործակցող կառույցների կողմից:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև 2012թ. ապրիլի 12-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին