Քրդական թերթի փակումը դատապարտվել է Դավութօղլուի ծաղրանկարի միջոցով
Թուրքիայում լայն արձագանք է ստացել Մուսա Քարթի հեղինակած ծաղրանկարը, որտեղ պատկերված է արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: Ծաղրանկարի թեման քրդական «Özgür Gündem» թերթի փակումն ու գործունեության դադարեցումն է:
Ծաղրանկարում Դավութօղլուն պատկերված է որպես հանրահայտ «Ո°վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշոուի մասնակից, և այն հարցին, թե «Ո°ր երկրում է փակվել «Özgür Gündem» թերթը», պատասխանում է` Սիրիայում:
Հիշեցնենք, որ օրերս Ստամբուլի դատարանը վերոնշյալ թերթի գործունեությունը մեկ ամսով դադարեցնելու որոշում էր կայացրել։ Պատճառաբանությունը եղել է այն, որ այդ թերթը լուրերի ու լուսանկարների միջոցով ծառայում է Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK)-ի քարոզչությանը: