Հայ լրագրողն ընդդեմ Թուրքիայի` Եվրադատարանում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընդունել է Թուրքիայի քաղաքացի ազգությամբ հայ լրագրող Ջևաթ Սինեթի ներկայացրած հայցն ընդդեմ թուրքական պետության, որտեղ իր նկատմաբ ցուցաբերվել է կրոնական խտրականություն պարունակող ռասիստական վերաբերմունք:
«Կորցրել էի հաշմանդամության քարտս: Ցանկանում էի նորը ստանալ, ինչի համար էլ դիմել էի Բաթման նահանգի սոցիալական ծառայություն: Այնտեղ, սակայն, ես ենթարկվեցի նվաստացուցիչ վիրավորանքների քրիստոնյա և հաշմանդամ լինելուս համար: Դառնացած էի: Դիմեցի Բաթմանի նահանգային դատարան, որը, սակայն, պատասխանատվության չենթարկեց ռասիսզմ դրսևորած սոցծառայությունների աշխատակցին».- ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի` պատմել է հայազգի լրագրողը:
Ջևաթ Սինեթն ափսոսանք է հայտնել, որ Թուրքիայում դատական համակարգը կողմնակալ է, և հնարավոր չի լինում արդար վճիռ կայացնել: Թուրքիայում բնակվող հայերի նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի մասին նշելով` հայազգի լրագրողն ասում է. «Ռասիզմը ո°ր ժողովրդին է օգուտ բերել, ո°ր հասարակությանը: Ոչ մի: Ու երբեք էլ չի բերելու: Մենք էլ ամենքի պես, սովորական մարդկանց պես ապրել ենք ուզում: Հիմա մենք մեզ նսեմացված ու օտարված ենք զգում»: