Ֆրանսիայում իսլամիստների զանգվածային ձերբակալություններ են եղել
Այսօր առավոտյան Ֆրանսիայում, մասնավորապես Թուլուզ քաղաքում ու հարակից շրջաններում անցկացվել են իսլամիստների զանգվածային ձերբակալություններ: «Իտառ-Տասս» գործակալության տեղեկացմամբ, լայնածավալ օպերացիան իրականացվել է երկրի ներքին հետախուզության կենտրոնական վարչության, ինչպես նաև ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից:
Նշվում է, թե միայն Թուլուզ քաղաքում ձերբակալվել է 22 իսլամիստ արմատական: Միաժամանակ, ոստիկանության անանուն աղբյուրներն հայտնել են, թե «ձերբակալություններն ուղղակի առնչություն չունեն» թուլուզցի ահաբեկիչ Մոհամադ Մերայի հետ: «Օպերացիայի նպատակը՝ հանցավոր շղթաները վերացնել է»,-հայտնել են ոստիկանությունից:
Հիշեցնենք, այն բանից հետո, երբ մարտի 22-ին հրեական դպրոցի վրա կրակ արձակած թուլուզցի ահաբեկիչ Մոհամադ Մերան գնդակահարվել էր հատուկ գործողության արդյունքում, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կարգադրել էր խիստ վերահսկողություն սահմանել արմատական իսլամի կողմնակիցների նկատմամբ: Հաղորդվել էր, թե մի շարք իսլամիստների մուտքն արգելվել է Ֆրանսիա:
Ֆրանսիական մամուլն ավելի վաղ հայտնել էր, թե թուլուզցի ահաբեկիչ Մերան, ով նույնպես եղել է իսլամիստական արմատականության ազդեցության ներքո, հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում էր հայտնվել հանցագործություններից դեռևս մի քանի տարի առաջ: Ֆրանսիական ոստիկանությունը, այնուհանդերձ, միջոցներ չէր ձեռնարկել վերջինիս նկատմամբ` ահաբեկչությունը կանխելու նպատակով: