ՀՔԾ-ն ունի կամք և վճռականություն` իր լիազորությունների շրջանակներում պաշտպանելու քաղաքացիների ընտրական իրավունքը. Միրզոյան
ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան անդրազգային հանցավորության հարցերով պատասխանատու Դենիել Հեսթինգսի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հովսթրայի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել են ընտրական գործընթացների վերաբերյալ ՀՔԾ-ին վերապահված հանցագործությունների քննության հետ կապված մի շարք հարցեր:
Ա. Միրզոյանը տեղեկացրել է, որ ընտրական գործընթացների հետ կապված գործող քրեական օրենսգրքում նախատեսված է 12 հանցակազմ, որոնցից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով ՀՔԾ-ի ենթակայությանը վերապահվել է 4-ը:
Մասնավորապես`ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը, կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ պատրաստելը, ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը:
Ըստ աղբյուրի, հյուրերի խնդրանքով Ա. Միրզոյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է ընտրակաշառքի դեպքերին, ընտրական գործընթացների վերաբերյալ հաղորդումների քննարկման կարգին, քրեական գործ հարուցելու առիթների և հիմքերի վերաբերյալ հարցերին:
«ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննիչների մոտ ձևավորվել է ընտրական գործընթացների վերաբերյալ նյութերի նախապատրաստման և քրեական գործերի քննության բավականին հարուստ փորձ և մեթոդիկա»,- նշել է Ա. Միրզոյանը` վստահեցնելով, որ ՀՔԾ-ն ունի կամք և վճռականություն` իր լիազորությունների շրջանակներում պաշտպանելու քաղաքացիների ընտրական իրավունքը և ընտրախախտում թույլ տված անձանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու:
Կարևորելով հանրային իրազեկումը, շեշտվել է նաև, որ Հատուկ քննչական ծառայությունը թույլատրելի սահմաններում պատրաստակամ է ապահովելու հրապարակայնությունը:
ՀՔԾ պետն իր պատրաստակամությունն է հայտնել պետական և ոչ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների հետ համագործակցության հարցում` ընտրությունների բնականոն անցկացման գործընթացն ապահովելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում