Իտալացի զբոսաշրջիկները հետաքրքրված են հատկապես հայ ժողովրդի հոգևոր ժառանգությամբ
Այսօր Երևանում տեղի ունեցավ «Հայաստան-Իտալիա. Զբոսաշրջության զարգացման հնարավորություններ» խորագրով համաժողովը, որն անցկացվում է Հայաստանի և Վենետո մարզի միջև զբոսաշրջության խթանմանը նվիրված «Սուրբ Ղազարից դեպի Արարատ» ծրագրի շրջանակներում: Համաժողովի նպատակն է խթանել երկկողմ զբոսաշրջային հոսքերի աճը, ինչպես նաև ապահովել հայկական զբոսաշրջային արդյունքների առավելագույն ներկայացվածությունը իտալական զբոսաշրջային շուկաներում:
Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, Իտալիայի Վենետո մարզի, Վենետիկի առևտրի պալատի, Սուրբ Ղազարի Մխիթարյան միաբանության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ: Համաժողովին մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը, ՀՀ-ում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին, Վենետիկի առևտրային պալատի ներկայացուցիչներ և տուրիստական ընկերություններ:
Համաժողովի բացմանը էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը նշեց, որ նպատակն է էլ ավելի ամրապնդել Հայաստանի և Իտալիայի միջև տուրիստական կապերը, ինչպես նաև` Հայաստանը միջազգային շուկայում, այդ թվում`Իտալիայում, ճանաչելի դարձնել: «Հաշվի առնելով Հայաստանի նկատմամբ իտալական տուրիստական շուկայի հետաքրքրությունը, մեկ անգամ ևս փորձում ենք քննարկել զարգացման հեռանակարները, վերհանել այն խոչընդոտները, որոնք տեսնում են իտալացի գործընկերները»,- ասաց Ա.Պետրոսյանը:
Իսկ խոչընդոտներ, ըստ փոխնախարարի, առկա են ոչ միայն Հայաստանում, այլև զարգացած տուրիստական երկրներում: Դրանք հիմնականում վերաբերում են ծառայությունների որակին: Ա.Պետրոսյանը ընդգծեց, որ Հայաստանում, ծառայությունների որակը դեռևս բավարար չէ, չնայած ամեն տարի դրանց բարելավվման ուղղությամբ հսկայական աշխատանք է տարվում:
Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը ներկայացրեց զոսաշրջության ոլորտում հայ-իտալական համագործակցության զարգացման հեռանկարային ուղիները: Նա նշեց, որ հայ-իտալական հարաբերությունները միշտ ընդգծվել են իրենց առանձնակի ջերմությամբ և դա իր արտացոլումն է գտել տուրիստական հարթության մեջ:
Նրա խոսքերով` վերջին տարիներին Հայաստան այցելող իտալացի զբոսաշրջիկների թիվը մոտ 15-20 տոկոսով ավելացել է: Ըստ նրա` Իտալիայի համար Հայաստանը գրավիչ է հատկապես իր հոգևոր ժառանգությամբ և Հայաստան գալիս են հիմնականում այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են հոգևոր ժառանգությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա