Մաքուր ջուրը տուգանվեց (նորացված)
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկվեց «ՄԳԱ Վոթըր» ընկերության («Մաքուր ջուր» ապրանքանիշ) նկատմամբ հարուցված վարչական վարույթի արդյունքները:
Նշենք, որ Խմելու ջրի արտադրությամբ զբաղվող «Էվրի Դեյ» («Բյուրեղ» ապրանքանիշ) ընկերությունը Հանձնաժողովին բողոք է ներկայացրել, տեղեկացնելով, որ մրցակից «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը սպառողին առաջարկում է խմելու մաքուր ջուր, սակայն ջրի հումքային ծագման մասին տալիս է ոչ ճիշտ և սպառողին թյուրիմացության մեջ գցող տեղեկություններ: Մասնավորապես այն, որ «Մաքուր ջրի» շշալցման ժամանակ օգտագործվում է ոչ թե լեռնային աղբյուրի, այլ քաղաքային սովորական ջրամատակարարման ցանցի ջուր: Ըստ «Էվրի Դեյ» ընկերության, նման պայմաններում մրցակցությունը խիստ դժվարանում է:
Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքներում բացահայտվել է, որ թեև ընկերությունը թե իր արտադրատեսակի վրա և թե գովազդներում նշում է, որ օգտագործում է բացառապես Գառնիի բարձրադիր լեռնային աղբյուրից հոսող ջուրը, սակայն այն իրականությանը չի համապատասխանում: Իրականում «Մաքուր ջուրը» շշալցվում է Նուբարաշենի տարածքում գտնվող քաղաքային ջրամատակարարման ցանցի ծորակներից: Հանձնաժողովի դիտարկմամբ, «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը անբարեխիղճ մրցակցության միջոցով մրցակցային լուրջ առավելություններ է ստացել: Մասնավորապես իր կողմից թողարկվող արտադրանքի վրա կատարելով ավելի քիչ ծախսեր հնարավորություն է ունեցել ընդլայնվել շուկայում և շահեկան բիզնես ծավալել: Ավելին, էժան ինքնարժեքի շնորհիվ շատ դեպքերում շահել է պետական գնումների մրցույթներում` առաջարկել անհամեմատ ցածր գին:
Ի դեպ, «ՄԳԱ Վոթըրը» այս շուկայում գործող ամենախոշոր ընկերությունն է և 2011թ.-ին Հանձնաժողովի կողմից ճանաչվել է գերիշխող դիրք ունեցող` ավելի քան 35% մասնաբաժնով: Սակայն ՏՄՊՊՀ-ի կողմից կատարված ներկա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընկերության կշիռը շուկայում շատ ավելի մեծ է և թողարկվող արտադրանքի ծավալները զգալիորեն քիչ են ներկայացվում: Մասնավորապես «Երևան Ջրից» ստացված ջրի ծավալները համադրելով ընկերության կողմից թողարկված արտադրանքի ծավալների հետ պարզվել է, որ ընկերությունը ցույց է տալիս 55-60%-ի չափով ջրի կորուստ, որն ըստ Հանձնաժողովի մասնագետների անհնար է: Բացի այդ, Հանձնաժողովը համադրել է նաև ընկերության կողմից թողարկված արտադրանքի համապատասխան ծավալները այլ ընկերությունից ձեռք բերված շշերի խցանների քանակի հետ և պարզել, որ ընկերությունը իրականում ավելի շատ արտադրանք է թողարկում, քան ցույց է տալիս:
ՏՄՊՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյանի խոսքերով` ընկերությունն ակնհայտորեն ոտնահարել է սպառողների շահերը` նրանց գցելով շփոթության և թյուրիմացության մեջ:
Այսպիսիով, Հանձնաժոովը «ՄԳԱ Վոթըր» ընկերության վարքագիծը շուկայում որակեց որպես անբարեխիղճ մրցակցություն` կիրառելով օրենսդրությամբ սահմանված առավելագույն պատժաչափ` տուգանք տարեկան հասույթի 1%-ի չափով: Բացի այդ հանձնարարվեց 5-օրյա ժամկետում վերացնել խախտումը: Հասույթի 1%-ը կազմում է 5 մլն դրամ:
Նշենք նաև, որ արդար մրցակցային պայմանների ապահովման նպատակով Հանձնաժողովը ուսումնասիրել է նաև բողոքը ներկայացրած ընկերության գործունեությունը, ինչի արդյունքում պարզվել է, որ վերջինս իր կողմից արտադրվող աղբյուրի ջուրը ձեռք է բերում «Ջերմուկ Գրուպ» -ին պատկանող խմելու ջրի հորատանցքերից:
Ավելի ուշ Էվրի Դեյ ընկերությունը հաղորդագրություն է տարածել նույն բովանդակությամբ` հավելով, որ. «Մարտի 23-ից սկսած Էվրի Դեյ ընկերությունը Երևանում սկսել է արտադրել JurJur ապրանքանիշի խմելու մաքուր ջուր, որը շշալցվում է քաղաքային կենտրոնացված ջրամատակարարման համակարգի հումքային ջրից` անցնելով քլորազրկում և հավելյալ ֆիլտրացիա: Նոր ապրանքատեսակը կոչված է մրցակցելու ՄԳԱ Վոթըր ընկերության համանման արտադրանքի` քաղաքային ցանցից շշալցված խմելու մաքուր ջրի հետ: “Շուկայի կայացմանը զուգընթաց առաջանում է սպառողներին սեգմենտավորելու անհրաժեշտություն”, ասում է Էվրի Դեյ ընկերության տնօրեն Կարեն Սարկավագյանը, “մենք պետք է հնարավորություն տանք սպառողին որոշում կայացնել հավաստի տվյալների հիման վրա»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա