Պատրիկ Ֆիորին պատրաստակամություն է հայտնել Երևանում ներկայացնել «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է ֆրանսիահայ հանրահայտ երգիչ Պատրիկ Ֆիորիին, ով բազմաթիվ ֆրանսիացի արվեստագետների հետ Երևան է ժամանել՝ մասնակցելու ֆրանկոֆոնիայի միամսյակին:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Տարոն Մարգարյանը հատկանշել է հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը, մասնավորապես ներկայացնելով ջերմ ու գործնական հարբերությունները Երևանի քույր քաղաքներ Փարիզի և Մարսելի հետ:
«Տեղյակ եմ, որ հաճախ եք լինում Երևանում և հուսով եմ, որ ամեն անգամ միայն լավ տպավորություններով ու հիշողություններով եք հեռանում Երևանից»,- նշել է քաղաքապետը: Ըստ աղբյուրի, Պատրիկ Ֆիորին իր հերթին նշել է, որ հասցրել է շրջել Երևանում և հիացած է մեր մայրաքաղաքով։
Երգիչը Երևանի քաղաքապետին իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել հայ-ֆրանսիական մշակութային նախաձեռնություններին և ցանկություն հայտնել Երևանում անվճար ներկայացումներ կազմակերպելու, ինչպես նաև աշխարհահռչակ «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլը Երևանում ևս ներկայացնելու մասին:
«Երևանի քաղաքապետարանը ամենայն հնարավորություն կներդնի Ձեր նախաձեռնություններին իր լիազորությունների սահմաններում աջակցելու համար»,- շեշտել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը Պատրիկ Ֆիորիին հրավիրել է մասնակցելու Էրեբունի-Երևան տոնակատարություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում