Մարզպետ. Դեռ պետք է տրվի լիցենզավորված կազմակեպության եզրակացությունը
Լոռու մարզի Թումանյան քաղաքի 3-րդ փողոցի վթարային թիվ 9 շենքը ուսումնասիրվել է Լոռու մարզպետարանի հանձնաժողովի կողմից, սակայն քանի որ այդ հանձնաժողովը լիցենզավորված կազմակերպություն չէ, կազմված եզրակացությունը պետք է ուղարկվի համապատասխան կառույցներին, որոնք էլ կտան վերջնական եզրակացություն: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Հիշեցնենք, որ Լոռու մարզի Թումանյանի քաղաքապետ Լ. Զավալյանից մարտի 26-ին ԱԻՆ գրություն է ստացվել, որ նույն քաղաքի 3-րդ փողոցի թիվ 9 շենքը վթարային է, և վտանգ է սպառնում բնակիչներին: Ստեղծված իրավիճակի մասին տեղյակ է պահվել Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը, ում հանձնարարությամբ կստեղծվի հանձնաժողով` տվյալ շինությունների վթարայնության աստիճանները որոշելու և խնդրին լուծում տալու համար:
«Մենք ինչ տեսել ենք՝ արձանագրել ենք, բայց վերջնական եզրակացություն, որը կարող է հիմք հանդիսանալ թե մեր, թե քաղաքապետարանի համար, կտա լիցենզավորված կազմակերպությունը: Մինչև չունենանք, թե որ կարգի վթարայնության աստիճանում է գտնվում շինությունը, որևէ ֆինանսավորման կամ բնակիչների վերաբնակեցման մասին չենք կարող խոսել»,- ասաց մարզպետը:
Ա. Նալբանդյանի խոսքով, Լոռու մարզում ամենաշատ վթարային շենքերը Վանաձորում են, որտեղ 84 բազմաբնակարան շենք կա, որոնք համարվում են երրորդ կարգի վթարային շենքեր ու ենթակա են ամրացման: «Բավականին մեծ գումարներ են հարկավոր խնդրի լուծման համար: Առաջիկայում անպայման մենք լուծման ինչ-որ ճանապարհներ կգտնենք, իհարկե ոչ միանգամից»,- ասաց մարզպետ Ա. Նալբանդյանը:
Նախորդող նորություն՝ Ահազանգեր Լոռիից. Երկրաշարժից ճաքեր ստացած տները փլուզման վտանգի առաջ են