Ժամը 20:30-ին անջատեք լույսերը. Կոչ
ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գեռչևան կոչ է անում Հայաստանի բնակիչներին միանալ երկրագնդի բնակչությանը և շաբաթ երեկոյան` մարտի 31-ին ժամը` 20:30-ին անջատել ոչ կենսական նշանակության լույսերը` նշելու «Երկրի ժամ»-ը:
ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայության հաղորդմամբ, լույսերի մեկ ժամով անջատելը կբերի դրական փոփոխության շրջակա միջավայրի պաշտպանության գործում: Անցյալ տարի միլիոնավոր մարդիկ 135 երկրում մասնակցեցին այս իրադարձությանը` այն դարձնելով աշխարհում հանրային իրազեկության մակարդակի բարձրացմանն ուղղված ամենամասշտաբային քարոզարշավներից մեկը:
Ըստ աղբյուրի, «Բնության համաշխարհային հիմնադրամ» (WWF) շրջակա միջավայրի միջազգային ՀԿ-ի կողմից կազմակերպված «Երկրի ժամ»-ը կոչված է բարձրացնելու կլիմայի փոփոխության և էներգիան ավելի խնայողաբար ծախսելու անհրաժեշտության վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակը:
«Երկրի ժամ»-ը սկսվել է 2007թ. Սիդնեյում, Ավստրալիայում, երբ 2,2 միլիոն անհատներ և 2,000 ընկերություններ մեկ ժամով անջատեցին լույսերը` պայքարելու կլիմայի փոփոխության դեմ: Եվ միայն մեկ տարի անց «Երկրի ժամ»-ը դարձավ համընդհանուր կայուն շարժում` ներգրավելով ավելի քան 50 միլիոն մարդ աշխարհի 35 երկրներից, տարածաշրջաններից:
Նյու Յորքի գրասենյակում «Երկրի ժամ»-ի կապակցությամբ ՄԱԿ-ի գործընկերները կանջատեն լույսերը մեկ ժամով: Կմասնակցեն նաև մյուս գրասենյակները, ինչպես նաև աշխարհի շատ երկրներ և կազմակերպություններ:
Այս օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գեռչևան ասել է.«Հարգելի ընկերներ, աշխատակիցներ և գործընկերներ, եկեք մեկ անգամ ևս միանանք այս համընդհանուր շարժմանը Հայաստանում և եկեք մեր ներդրումն ունենանք կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողություններում, եկեք պաշտպանենք երկրագունդը և երաշխավորենք մարդկային բարեկեցությունը»:
Լույսերն անջատում են մարտի 31-ին, ժամը 20:30-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները