ԱՄՆ պետքարտուղարություն. Շարունակում ենք սատարել Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի գրասենյակը հաղորդագրություն է տարածել` մարտի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ բարձրացված հայ-թուրքական հարաբերությունների հետագա գործընթացի վերաբերյալ հարցի առնչությամբ:
Հարցին, թե վերջին անգամ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստանում նշել էր, թե Թուրքիայի հերթն է այժմ քայլ կատարելու կարգավորման գործընթացում և արդյոք այդ ուղերձն այսօր ևս ԱՄՆ վարչակազմը փորձում է փոխանցել Անկարայի իշխանություններին, գրասենյակի տարածած պատասխանում նշված է:
«Մենք հաստատակամորեն սատարում ենք երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի և Թուրքիայի ջանքերը: Այս հարցը ամենաբարձր մակարդակով թե′ Թուրքիայի, թե′ Հայաստանի կառավարությունների հետ մեր երկխոսության մշտական մասն է», - ասված է պետքարտուղարության տարածած պատասխանում: