Պիպոյան. «Աշոցք»-ը պարտավորվել է հետ ընդունել ու ոչնչացնել ժամկետանց ձուն
ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները ստուգումներ են իրականացրել «Աշոցք» ընկերության պահեստներում: Ինչպես Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը, պահեստներում ձու չի հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ծառայությունը հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի խանութներում վաճառվող չմակնշված ձուն եղել է ժամկետն անցած և Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Աշոցք» ՍՊԸ-ի կողմից:
Panorama.am-ն արդեն հայտնել է, որ հիշյալ ընկերությունը շինկազմակերպություն է, որը, ըստ ընկերության փոխտնօրենի, «ազգանվեր» գործ է արել, դեռ անցած տարվա դեկտեմբերին մեծ քանակությամբ ձու է ներկրել, որպեսզի ձվի թանկացում հանրապետությունում չգրանցվի: Բերված խմբաքանակը, ըստ ընկերության ներկայացուցչի, սպառվել է դեկտեմբեր-հունվար ամիսներին, իսկ ծառայությունը, նրա որակմամբ, նման հայտարարությամբ ինչ-որ մեկի «պատվերն է կատարում»:
Բաբկեն Պիպոյանը Panorama.am-ին հայտնեց, որ տնտեսվարողը պարտավորվել է շուկայից հետկանչ անել:
«Ասաց, որ այսօրվա ընթացքում հաղորդագրություն բաց կթողնի, որ պատրաստ է հետ ընդունելու ամբողջ խմբաքանակը և ոչնչացնել»,-ասաց Պիպոյանը: Նրա տեղեկություններով, խոսքը մոտավորապես 25 արկղ ձվի մասին է, «որը բաց է թողնվել շուկա փետրվարին»:
Ամեն դեպքում, ըստ Պիպոյանի, տնտեսվարողը խախտում է արել, ինչի համար կտուգանվի մոտ 300 հազար դրամով. «Դա ծառայության գործառույթը չէ»: