Մեկնարկում է Ավագ շաբաթը
Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը նախորդող շաբաթը կոչվում է Ավագ (այսինքն` Մեծ) շաբաթ: «Ավագ» կամ «Մեծ» կոչվելու պատճառն այն է, որ ավանդում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանը` վերջին յոթ օրերի ուսուցումները, չարչարանքները, մահը և հարությունը: Այս շաբաթվա յուրաքանչյուր օր ևս կրում է «ավագ» անվանումն ու իր այլաբանական խորհուրդն ունի:
Ավագ շաբաթն սկսվում է Ծաղկազարդի կիրակիով` Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքով, որի մասին պատմում են չորս Ավետարանները:
Ավագ երկուշաբթի առավոտյան ժամերգության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշատակում են «Անիծված թզենու» պատմությունը, երբ Հիսուս, Բեթանիայից Երուսաղեմ վերադարձին, անեծքով չորացնում է անպտուղ թզենուն՝ վկայելով՝ «Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք» (Մատթ. 21:22): Ըստ 7-րդ դարի մեկնիչ Ստեփանոս Սյունեցու՝ թզենին «թլպատված» ժողովուրդն է, որի մոտ եկավ քաղցած Քրիստոս և պտուղ չգտավ: