Տեր-Գուլանյան. Վաղն էլ կարող են ցանկանալ ցեղական կովեր ցուցադրել Օպերայի և բալետի ազգային թատրոնում
«Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում ապրիլի 7-9-ը կանցկացվի «Համահայկական էքսպո 2012» ցուցահանդեսը, որում կներկայացվի հայրենական մի շարք ընկերությունների արտադրանքը: Սակայն այս հանգամանքն առաջացրել է արվեստագետների, հասարակական գործիչների դժգոհությունը, քանի որ, ըստ նրանց, համերգասրահն այն վայրը չէ, որտեղ պետք է սննդամթերքի կամ նմանատիպ այլ ցուցահանդեսներ կազմակերպվեն:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Մշակույթ» ՀԿ-ի նախագահ Անի Զախարյանը նշեց, որ Ազգային պատկերասրահը, գրադարանը, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը և մնացած այլ թանգարաններն ու թատրոնները այն վայրերն են, որոնց ձեռք տալ չի կարելի: Դրանք, Ա.Զախարյանի խոսքերով, պետք է լինեն համապատասխան բարձրության վրա: «Կան չափանիշներ, որոնց ձեռք տալ չի կարելի: Դա նշանակում է ծաղրել մեր դասականներին, մեր մեծերին»,-նշեց նա:
Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Ռուզան Սիրունյանը նշեց, որ ինքը պայմանագիր է կնքել «business.am» կազմակերպության հետ և ի սկզբանե արգելել է, որ որևէ սնունդ ցուցադրվի: «Ասել եմ, որ դա կարող է լինել պաստառների և էկրանային ցուցադրության տեքսով: Ոնց կարող էի թույլ տալ, որ երշիկ կամ կաթնամթերք ցուցադրվի: Համերգասրահի ճեմասրահում բաներներ են տեղադրվելու, և նպատակն այն է, որ հայկական ապրանք արտադրողների սպառողները կապվեն մշակույթի հետ»,- ասաց Ռ.Սիրունյանը:
Նա միաժամանակ նշեց, որ այդ գումարները ուղղվելու են մշակույթին՝ արտասահմանից հրավիրված երաժիշտների հոնորարների վճարմանը և այլն. «Դա ընդամենը Ֆիլհարմոնիկի ծախսերի համար անհրաժեշտ գումար հայթայթելու միջոց է, և եթե իմանայի, որ նման արձագանք կլինի, ոչ մի գումարի դիմաց համերգասրահի ճեմասրահը չէր տրամադրի այդ ցուցահանդեսի համար»:
«Երշիկը, ընդհանրապես ուտելիքը նույնպես մշակույթ է, բայց ստամոքսային մշակույթ է, սակայն այդ մշակույթը ցուցադրելու այլ տեղեր կան: Պատկերացրեք՝ համերգասրահի դահլիճում երշիկով բուտերբրոտ ուտելով Կոմիտաս կամ այլ հանճարների գործեր են լսում: Սպառողին արվեստի հետ կապելու հազար ու մի այլ տարբերակներ կան, իսկ ֆիլհարմոնիան այդպիսի ցուցադրությունների համար չի: Հոգևոր մշակույթը չի կարելի միացնել սննդային մշակույթին: Եթե այսօր դա թույլ տանք, վաղը օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կարող ենք ցեղական կովերին ցուցադրել»,-նշեց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:
Մերուժան Տեր-Գուլանյանը խոստացավ, որ ցուցահանդեսի բացմանը ներկա կլինի, և եթե սնունդ ներկայացված լինի, ապա խոստացավ դրանք «ոչնչացնել», ինչի հետ համաձայնեց նաև համերգասրահի տնօրեն Ռուզան Սիրունյանը:
Այդուհանդերձ, Տեր-Գուլանյանը համերգասրահի տնօրենին հորդորեց, խնդրեց, որ պայմանագիրը չեղյալ համարի և «Արամ Խաչատրյան» համերգասրահը մեկ կամ երկու օրով չվերածեն սննդամթերքի ցուցադրության վայրի:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա