Հունգարիայի նախագահը գրագողության պատճառով հրաժարական ներկայացրեց
Հունգարիայի նախագահ Փալ Շմիթը հրաժարական է ներկայացրել իր ատենախոսության շուրջ բարձրացված սկանդալից հետո: Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
«Երկրի սահմանադրության համաձայն, պետության ղեկավարը պետք է խորհրդանշի հունգար ժողովրդի միասնությունը: Ցավոք, ես դարձա տարաձայնությունների խորհրդանիշ: Կարծում եմ, որ նախագահական լիազորություններից դադարեցումը իմ պարտքն է», - հայտարարել է երկրի ղեկավարը:
Հատկանշական է, որ մարտի 30-ին նախագահ Շմիթը հայտարարել էր, թե մտադիր չէ հրաժարական ներկայացնել իր ատենխոսության շուրջ բարձրացված սկանդալի պատճառով, քանի որ կապ չի տեսնում իրեն գիտական աստիճանից զրկելու և նախագահի պաշտոնը զբաղեցնելու միջև:
Մարտի 30-ին Բուդապեշտի բժշկության և սպորտի համալսարանի դոկտորական խորհուրդը որոշում էր ընդունել զրկել Հունգարիայի նախագահ Փալ Շմիթին գիտական կոչումից, վերջինիս ատենախոսությունում հայտնաբերելով գրագողության մեծ ծավալներ: Ատենախոսությունը ուսումնասիրող հատուկ հանձնաժողովը հաստատել էր, որ նախագահ Շմիթի ատենախոսությունը չի համապատասխանում գիտական աշխատության պահանջներին ու էթիկ նորմերին, քանի որ հեղինակը իր աշխատությունում օգտագործել էր բուլղարացի սպորտային գործիչ Նիկոլայ Գեորգիևի համանուն աշխատության բառացի թարգմանությամբ «մեծ ծավալի» մեջբերումներ, առանց համապատասխան հղումների: