Նախընտրական «ռազբորկա՞». Գյումրիում կրակոցներ են հնչել
Ոստիկանությունը պաշտոնապես հաստատում է, որ օրերս Գյումրիում խուլիգանություն է տեղի ունեցել, որի ժամանակ նույնիսկ կրակոցներ են հնչել: Մասնավորապես, ոստիկանության լրատվական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացնում են, որ մարտի 30-ին ժամը 13:00-ի սահմաններում Գյումրու Արամ Սարգսյանի անվան մարզադպրոցում կատարված խուլիգանության փաստի առթիվ մարտի 31-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ Քր. Օր.-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` «խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից»:
Ըստ աղբյուրի, մարտի 30-ին քննչական գործողություններ են կատարվել, որի շրջանակներում դեպքի վայր զննության արդյունքում առգրավվել են արնանման հեղուկի հետքեր, վնասված գույք: Հարցաքննվել է նաև մարզադպրոցի աշխատակցուհին, դեպքի ականատեսները, Գյումրու Մսի կոմբինատի թաղամասի (այստեղ է գտնվում մարզադպրոցը-թղթ.) բնակիչները: Լրացուցիչ զննվել է նաև մարզադպրոցը, ինպես նաև Գյումրու Լիսինյան փողոցի թիվ 10 շենքի դիմացի տարածքը ու շենքի տակ գտնվող մթերային խանութը:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ձեռնարկվել են միջոցառումներ նաև պարզելու խուլիգանություն կատարած անձանց ինքնությունը:
Հետաքրքրվեցինք, թե արդյոք այդ ընթացքում հնչել են կրակոցներ, ոստիկանության լրատվական ծառայությունից ասացին, որ այո, իրենք տեղեկություններ ունեն, որ կրակոցներ հնչել են:
Վերջին օրերին մամուլն անդրադարձել էր Գյումրիում տեղի ունեցած այս միջադեպին և դա դիտարկել նախընտրական զարգացումների համատեքստում: Մասնավորապես, «Հրապարակ» թերթը գրել էր, որ բախում է տեղի ունեցել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և թիվ 34 ընտրատարածքում մեծամասնականով «Բարգավաճ Հայաստան»-ի կողմից առաջադրված թեկնածու Մարտուն Գրիգորյանի կողմնակիցների միջև:
Թերթը մասնավորապես, գրել էր. «Մեզ հասած տեղեկություններով` Մարտուն Գրիգորյանի ընկերները` Գյումրիում հայտնի քրեական հեղինակություններ` Շեկո մականունով Արտյոմը, Կուրոն և Խանութի Հովոն, հանդիպել են Վարդանիկի մականունավորներին` Երմոյին ու Տանկին, որոնց փորձել են գրավել իրենց կողմը: Ըստ Գյումրիի մեր աղբյուրների, Մարտուն Գրիգորյանի կողմնակիցները փորձել են ՀՀԿ-ի օգտին աշխատողներին դարձի բերել` իրենց «գողական կանոններով» հասկացնելով, որ աշխատեն ԲՀԿ-ի օգտին: Սակայն Վարդանիկի մոտիկները չեն համաձայնել, ինչին հաջորդել է վիճաբանությունը, ապա ծեծկռտուքը»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում