Արցախի դպրոցներում համակարգիչը Էռնեկյանից, ինտերնետ կապը` կառավարությունից
«Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամը սկսել է համակարգիչներ բաժանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշակերտներին: Արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի նվեր 3.500 համակարգիչներն արդեն սկսել են հանձնվել Ստեփանակերտի, Շուշիի և Քարին տակի առաջինից չորրորդ դասարանի բոլոր աշակերտներին և ուսուցիչներին:
Ֆրութֆուլ Արմենիա հիմնադրամից հայտնում են, որ առաջին օրը` ապրիլի 2-ին, համակարգիչների հանձնման արարողությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ կրթության նախարար Վլադիկ Խաչատրյանը, ՀԲԸՄ Հայաստանյան ներկայացուցչության կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Ղազարյանը, ՀԲԸՄ ԼՂՀ ծրագրերի համակարգող Սասուն Բաղդասարյանը, ՆՈՒՌ ծրագրի ղեկավար Սեբաստիան Արիաս Դյուվալը:
ԼՂՀ կրթության նախարար Վլադիկ Խաչատրյանն իր խոսքում նշել է. «Բացառիկ օր է Արցախի երեխաների և ծնողների համար: Այս մոտեցումը, որի հեղինակներն են բարերար Էդուարդո Էռնեկյանը և ԼՂ-ի ղեկավարությունը ռազմավարական նշանակություն ունի: Անհնար է պատկերացնել լավ կրթություն առանց համակարգիչների: Դրա արդյունքները մենք կտեսնենք ապագայում»:
ՀԲԸՄ Հայաստանյան ներկայացուցչության կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Ղազարյանն ընդգծեց ծրագրի կարևորությունը. «Հայկական Բարեգործական Միությունը շատ գործողություններ է ծավալել Ղարաբաղում, սակայն Է.Էռնեկյանի նախաձեռնած այս ծրագիրը սիրով ընդունվեց համայնքի կողմից: Սա մեր երեխաների ապագան է, այս հրաշալի գործիքի միջոցով նրանք կհասնեն մեծ բարձունքների»:
ՆՈՒՌ (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագիրը Էդուարդո Էռնեկյանի նախաձեռնությունն է: Ըստ աղբյուրի, 2011 թ-ի հունվարին ԼՂՀ կառավարության հետ ստորագրվել է համաձայնագիր, որի համաձայն ՆՈՒՌ ծրագիրը XO դյուրակիր համակարգիչներ է տրամադրելու առաջինից չորրորդ դասարանի դպրոցականներին և նրանց ուսուցիչներին: ԼՂՀ Կառավարությունը հանձն է առել դպրոցներում ապահովել գերարագ ինտերնետ կապը, որը ծրագրի գլխավոր ասպեկտներից է:
ՆՈՒՌ ծրագիրն իրագործվում է ՀԲԸՄ-ի հետ գործակցությամբ, որն աշխարհի ամենամեծ հայկական շահույթ չհետապնդող կազմակերպությունն է և տեղում օգնություն է ցուցաբերում` նախագծի հաջողությունը երաշխավորելու համար:
ՆՈՒՌ ծրագիրն իրականացվում է, հետևելով «Մեկ համակարգիչ յուրաքանչյուր երեխային» (ՄՀՅԵ) ծրագրի գաղափարին: ՄՀՅԵ-ն կրթական ծրագիր է , որը մշակվել է Մասաչուսեթսի Տեխնոլոգիաների Ինստիտուտում և կիրառվում է աշխարհի շատ երկրներում:
ԼՂՀ կառավարության կողմից ինտերնետային կապը ապահովելուց հետո, հիմնադրամը կշարունակի կրթական նպատակներով ստեղծված XO համակարգիչների հանձնումը Արցախի մյուս համայնքների դպրոցներում ևս, որի արդյունքում ԼՂ տարրական դասարանների բոլոր աշակերտները մի քանի տարուց կունենան անձնական դյուրակիր համակարգիչներ: Համակարգիչները տրվում են երեխաներին որպես սեփականություն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան