Վրաստանի պատրիարքարանը կոչ է արել փրկել Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին
Վրաց Ուղղափառ եկեղեցին հանդես է եկել Թբիլիսիի Ախոսպիրելի փողոցում գտնվող Մուղնեցոց Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու վերանորոգման նախաձեռնությամբ: Ինչպես տեղեկացնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը, նման մտադրության մասին այսօր միջկրոնական աշխատանքային խմբի նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի պատրիարքարանի ներկայացուցիչ Թեա Գոգոթիշվիլին:
«Եկեղեցու գմբեթը փլվել է 2009 թվականի ձմռանը: Դրանից հետո իրականացվել են պահպանման որոշ աշխատանքներ: Մասնավորապես` եկեղեցու մի մասն ամրացվել է մետաղական ձողերով, և ներսում գտնվող գերեզմանները մասնակի ծածկվել են: Սակայն միայն դա բավարար չէ, քանի որ ձեռնարկված միջոցները չեն ապահովում հուշարձանի հետագա պահպանությունը: Եկեղեցու բակը պարսպապատված չէ, ամբողջ տարածքում շինարարական աղբ է, հակասանիտարական պայմաններ: Եկեղեցու մյուս կողմը և պատերը ևս շատ վատ վիճակում են, վնասված է կտուրը: Կա վտանգ, որ եկեղեղեցու մյուս մասը և կտուրին գտնվող զանգակատունը կարող են փլուզվել, և հուշարձանը վերջնականապես կկործանվի: Ելնելով վերոհիշյալից, մենք դիմում ենք Թբիլիսիի քաղաքապետարանին, ինչպես նաև Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությանը` անհապաղ քայլեր ձեռնարկել հուշարձանի կոնսերվացման ուղղությամբ», - ասված է Վրաց Ուղղափառ եկեղեցու հայտարարության մեջ:
Լրատվամիջոցը նաև նշում է, որ աշխատանքայիյ խմբի նիստին ներկա չեն եղել Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները, ինչի պատճառով հայտարարրության ընդունումը հետաձգվել է, մինչև փաստաթղթին ծանոթանա հայկական կողմը:
Հիշեցնենք, որ Մուղնու Սբ Գևորգ եկեղեցին հիմնադրվել է 1356 թ., վերակառուցվել է 1756 թ., իսկ 1852-93 թթ. մասնակի նորոգվել է: Այն կառուցված է թրծած աղյուսից, կրաշաղախով ներսից սվաղված է: Վրաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո եկեղեցին չի գործել: Այնտեղ մինչև 1980-ական թթ. վերջը գործել է ազգագրության թանգարանը, որը տեղափոխվել է կառույցում ճաքերի առաջացման պատճառով: 1990-ական թթ. սկզբից կառույցը համարվել է վթարային և ժամանակավոր ամրացման աշխատանքներ չիրականացնելու հետևանքով, բնական գործոնների ազդեցությունից (բնահողի նստվածք, եղանակային գործոններ, երկրաշարժ և այլն) շարունակվել է քայքայվել, մեծացել են ճաքերը, պատերի որոշ հատվածներ թեքվել են և եկեղեցին 2009 թվականի նոյեմբերի 19-ին փլուզվել է:
Թեմայի մասին` «Մուղնեցոց Ս. Գևորգ եկեղեցու տարածքում տարվում են նախապատրաստական ուսումնասիրություններ»