«ՎիվաՍել ՄՏՍ-ը» կրթության ոլորտում շուրջ 37 միլիոն դրամի ներդրում է կատարում
Կրթության ոլորտում բարեփոխումների խթանման նպատակով այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և «ՎիվաՍել-ՄՏՍ» հեռահաղորդակցության օպերատոր ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ստորագրեցին 2012 թվականի համագործակցության ծրագիրը: Ըստ ծրագրի, նախատեսվում է, որ «ՎիվաՍել ՄՏՍ»-ն կաջակցի կրթական ոլորտի բարեփոխումներին ուղղված չորս ծրագրին և «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթին:
Համաձայնագրի ստորագրմանը հետևած ասուլիսում նախարար Ա.Աշոտյանը կարևորելով համագործակցության համաձայնագրի ստորագրումը, հույս հայտնեց, որ հեռահաղորդակցության օպերատորի օրինակով մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ ևս կսատարեն կրթական ոլորտի բարեփոխումներին:
«ՎիվաՍել ՄՏՍ»-ը կրթության ոլորտի բարեփոխումների գործում վստահելի գործընկեր է, և պետությունը շահագրգռված է, որ մասնավոր հատվածից ներդրումներ իրականացվեն կրթության մեջ»,- ասաց նա և հավելեց. «Ցավոք, Հայաստանի մասնավոր հատվածը դեռևս ամբողջությամբ չի գիտակցում կրթության ոլորտում ներդումների կարևորությունը ոչ միայն պետության, այլև իրենց բիզնեսի համար»:
Ըստ Ա.Աշոտյանի, ստորագրված փաստաթուղթը յուրահատուկ է և նախատեսում է հինգ հիմնական միջոցառումներ, որոնք բխում են կառավարության կողմից հաստատված այս տարվա կրթության գերակայություններին: Այդ ծրագրերն են դպրոցների և բուհերի վարկանշումները, դպրոցներում Wi-Fi սարքավորումների տեղադրումը, դպրոցական դասագրքերի թվային առցանց շտեմարանի ստեղծումը, ինչպես նաև` «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի անցկացումը:
«Նման համագործակցությունը խիստ թիրախային է և բխում է կրթության ոլորտում պետության և հասարակության ակնկալիքներից»,- ասաց նախարարը:
Իր հերթին Ռալֆ Յիրիկյանն ընդգծեց, որ մասնավոր հատվածը կարևոր դեր է խաղում կրթության ոլորտի զարգացման գործում: «Չենք կարող անտարբեր լինել այս ոլորտի նկատմամբ, և պետք է աջակցենք, որ այն ավելի արագ քայլերով զարգանա և ավելի թափանցիկ դառնա», - ասաց նա և վստահեցրեց, որ «ՎիվաՍել ՄՏՍ-ը» կանգնել է ԿԳ նախարարության կողքին և պատրաստ է համատեղ ծրագրեր իրականացնել: «Մասնավոր հատվածը մեր երկրում կարևոր դեր ունի խաղալու կրթության ոլորտում»,- եզրափակեց Ռ. Յիրիկյանը:
Նշենք, որ ըստ ստորագրված համաձայնագրի, «ՎիվաՍել ՄՏՍ-ը» կատարում է շուրջ 37 միլիոն դրամի ներդրում: Ինչպես շեշտեց Ռ.Յիրիկյանը, այս գումարը չի ուղղվելու միայն դպրոցներում Wi-Fi ցանցի տեղադրմանը, քանի որ դրա համար առանձին բյուջե է կազմվելու:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան