Ես անձնական պատասխանատվություն եմ կրում ընտրությունները խաղաղ անցկացնելու համար. Ոստիկանապետ
«Մենք չենք զբաղվել ու չենք զբաղվում քաղաքականությամբ»,-այսօր Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի անդրանիկ նիստի ժամանակ հայտարարեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Նա լրագրողներին նախ շնորհակալություն հայտնեց ահազանգերի և ընտրացուցակների հետ կապված խախտումներին անդրադառնալու համար, և ասաց, որ ակնկալում է էլ ավելի լավ աշխատանք այդ ուղղությամբ:
«Մենք անաչառ ենք լինելու, մեր մոտեցումները լինելու են վերկուսակցական»,-հայտարարեց ոստիկանապետը` ընդգծելով, որ իրենց շտաբի խնդիրը լինելու է քաղաքական ուժերի շտաբների անվտանգությունը ապահովելը, ինչպես նաև նախընտրական ու հետընտրական գործընթացները վերահսկելը:
Անդրադառնալով ընտրացուցակներում մահացած մարդկանց անունների առկայությանը, ասաց, որ ոստիկանության աշխատակիցների խմբերը «ինվենտարիզացիա» են անցկացրել Հայաստանի մարզերում, տարբեր բնակավայրերում:
«Խնդրում եմ ոչինչ չուռճացնել»,-դիմելով լրագրողներին, ասաց ոստիկանապետը ու հավելեց. «Ես անձնական պատասխանատվություն եմ կրում ընտրությունները խաղաղ անցկացնելու համար: Ոստիկանության համար գոյություն չունի իշխանություն, ընդդիմություն, գոյություն ունի միայն երկրի, պետություն»: