«Եվրանեսթի ղեկավարությունը պետք է հստակ գնահատական տա Ադրբեջանի նախագահի ելույթին»
Եվրանեսթ ԽՎ լիագումար նիստի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը բավականաչափ կրքեր բորբոքեց և ինչպես քիչ առաջ Բաքվից Panorama.am-ին հաղորդեց հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը` Միլի Մեջլիսում նիստի ողջ ընթացքը հայկական պատվիրակության անդամները օգտագործեցին այդ խայտառակ ելույթին արձագանքելու և հատկապես եվրոպացի խորհրդարանականների ուշադրությունը դրան սևեռելու համար:
Ավելի վաղ գրել էինք, որ ելույթից ամիջապես հետո մեր պատվիրակությունը որոշում կայացրեց բաց նամակ ուղարկել Եվրանեսթի բոլոր ներկայացուցիչներին և նաև բանավոր հայտարարությամբ հանդես գալ` արտահայտելով հայկական կողմի բողոքն այդ երկրի նախագահի հչեցրած ուղղակի ոչ կոռեկտ ելույթի վերաբերյալ:
Ի.Ալիևի ելույթից հետո առաջին խոսքը հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանինն էր, ով, Ն.Զոհրաբյանի փոխանցմամբ, պատվիրակության անունից հայտարարել է, որ ուղղակի անընդունելի է այն ամենը, ինչ հնչեց և այն, որ հայկական կողմին անվանում են ֆաշիստներ:
Վ.Հովհաննիսյանի խոսքով` նման գնահատականը, այն էլ նման ամբիոնից հնչեցնելն ամենևին էլ չի նպաստում այն խնդիրների լուծմանը, որոնք բոլորին համախմել են Եվրանեսթի շրջանակում:
«Արևելյան գործընկերության կարևոր բաղադրիչներից մեկը անդամ երկրների միջև վստահության մթնոլորտի ձևավորումն է, սակայն այն, ինչ իր ելույթում հնչեցրեց Ալիևը ոչ միայն չի նպաստում Արևելյան գործընկերության անդամ երկրների վստահության մթնոլորտի ու համագործակցության ձևավորմանը, այլև ստեղծում է նոր բաժանարար գծեր»,- սա էլ Ն.Զոհրաբյանի ելույթի հատվածն է, որի վերջում պատգամավորը ևս հորդորել է Եվրանեսթի ղեկավարությանը հստակ գնահատական տալ Ադրբեջանի նախագահի ելույթին: Այլապես, ընդգծել է նա, ինքը պատրաստ է նույն ամբիոնից հայտարարել, որ Եվրանեսթի ապագան լրջագույն վտանգի տակ է:
Հայտարարել է նաև, որ պետք չէ թույլ տալ ոչնչացնել այն դրականը, ինչը մինչ այս պահը կարողացել են ստեղծել Եվրանեսթի կոնտեքստում միասնական ջանքերով:
Panorama.am-ը առաջիկայում կանդրադառնա լիագումար նիստի հետագա ընթացքին, որում այս պահի դրությամբ հայկական պատվիրակության անդամների ելույթներն ավարտվել են:
Նախորդիվ`
Ն. Զոհրաբյան. Ալիևի ելույթը գնահատվել է որպես կոռեկտության բոլոր սահմանները խախտող ելույթ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա