Շվեյցարական դատախազությունը կարճել է Բաղըշի դեմ սկսված վարույթը
Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի դատախազությունը տարածել է հաղորդագրություն, համաձայն որի, դադարեցվում է Հայոց ցեղասպանության եղելությունը հերքելու համար Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի դեմ սկսված հետաքննությունը: Բաղըշի դիվանագիտական անձեռմխելիության մասին հարցում անելով արտգործնախարարությունից` Ցյուրիխի դատախազությունը որոշում է կայացրել կարճել վարույթը: Այս մասին տեղեկացնում է «CnnTurk» լրատվական ծառայությունը:
Հիշեցնենք, որ Բաղըշը հունվարի 30-ին Ցյուրիխում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր. «Որքան գիտեմ Շվեյցարիան Ցեղասպանության հերքումը քրեականացրած երկիր է: Մենք այժմ Շվեյցարիայում ենք, և ես ասում եմ, որ 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն չեն: Դե թող գան ու ձերբակալեն ինձ»: Այս խոսքերից հետո Ցյուրիխի դատախազությունը նախնական հետաքննություն սկսեց Բաղըշի դեմ, քանի որ Շվեյցարիայում Հայոց Ցեղասպանության հերքումը համարվում է քրեորեն հետապնդելի արարք` համաձայն ռասսայական խտրականության դեմ օրենքի: