Բոյկո Բորիսով. Բուլղարիան պատրաստ է օժանդակել Հայաստանին եվրաինտեգրման գործում
Հայաստանի և Բուլղարիայի միջև առևտրաշրջանառությունը կազմում է մոտ 60 մլն դոլար: Այս մասին այսօր Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքերով` Բուլղարիայի վարչապետի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է, թե կոնկրետ որ ոլորտներում պետք է իրականացվի տնտեսական համագործակցության խորացումը:
Առաջին հերթին, ըստ Տ.Սարգսյանի, պետք է էապես ավելացնել երկու երկրների քաղաքացիների միջև շփումները, որպեսզի կարողանան բացահայտել տնտեսական հետաքրքրությունները, այսինքն՝ առաջին հերթին պետք է սկսել զբոսաշրջությունից: Երկրորդ ոլորտը դեղագործությունն է, որը երկու երկրներում էլ մեծ աճ է ապրում, իսկ երրորդը` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է, որտեղ Հայաստանն ունի մեր ներուժ և արտահանման մեծ պոտենցիալ:
«Բուլղարիայում կազմակերպվելիք բիզնես ֆորումը հնարավորություն կտա բացահայտել կոնկրետ համագործակցության ոլորտներն ու ճյուղերը»,- ընդգծեց Տ.Սարգսյանը:
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը նշեց, որ Հայաստանի և Բուլղարիայի միջև կան հիանալի հարաբերություններ, որոնք գալիս են պատմության խորքերից: Այդուհանդերձ, ըստ նրա, երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը փոքր է և այն չի համապատասխանում երկկողմ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակին: Որպես համագործակցության հիմք` Բ. Բորիսովը նշեց, որ Սոֆիայի համալսարանում կա հայագիտության ամբիոն և այն կարող է լավ հարթակ ծառայել հետագա հարաբերությունների զարգացման համար:
Բուլղարիայի վարչապետը նաև ընդգծեց, որ իրենք Հայաստանի համար կարող ենք կամուրջ հանդիսանալ դեպի Եվրամիություն ճանապարհին: «Բուլղարիան պատրաստ է օժանդակել Հայաստանին եվրաինտեգրման գործում»,- ասաց Բ.Բորիսովը:
Տիգրան Սարգսյանի խոսքերով՝ Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի Բուլղարիայի եվրաինտեգրման փորձը և շնորհակալություն հայտնեց Բոյկո Բորիսովին՝ այն կիսելու համար: Ըստ նրա՝ Բուլղարիայի փորձը կօգնի մեզ Հայաստանում նոր բարեփոխումների իրականացման գործում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են