«ՀՀ-ն վաղուց հաստատուն քայլերով զարգացնում է ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ»
Նախորդ ամիսն աշխատանքային այցով ԱՄՆ մեկնեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Վաշինգտոնում ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը հանդիպումներ ունեցավ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտայի, Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Դեվիդ Պետրեուսի, Պաշտպանության քարտուղարի տեղակալ Ջոզեֆ Մքմիլանի և այլ պաշտոնյաների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Նախարար Ս. Օհանյանի վերադարձից հետո մեզանում խոսվեց հայ-ամերիկյան ռազմական համագործակցության խորացման մասին: ՀՀ-ն վաղուց հաստատուն քայլերով զարգացնում է ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ:
Համագործակցությունը մասնավորապես խորանում է կադրերի վերապատրաստման, կրթության և որոշակի զորավարժությունների ոլորտում: Ներկայումս աշխարհի ամենահզոր ռազմական մեքենան ունեցող երկրի հետ ռազմական հավասարակշռված համագործակցությունը կարող է միայն դրական ազդեցություն ունենալ բանակաշինության և ռազմական ներուժի մեծացման համար: Ամերիկյան ռազմական մեքենան ողջ աշխարհին հետաքրքիր է մասնավորապես իր կառավարման համակարգերի նորարարությամբ և տեխնոլոգիաներով:
Ընդ որում տեխնոլոգիաներ` ոչ միայն այս ոլորտում, այլ ընդհանրապես ռազմական ոլորտի բոլոր ենթաբնագավառներում: Ժամանակակից 5-րդ սերնդի կամ ցանցակենտրոն պատերազմների տեսությունը, դրանց գործնական կիրառությունը ստեղծվել և կյանքի է կոչվել հենց այս պետության կողմից, իսկ դրա իրականացման հիմնական միջոցները ստեղծվել և ստեղծվում են հենց ԱՄՆ-ում: Այսինքն` մեզ համար ռազմական համագործակցությունը հետաքրքիր է նաև ռազմատեխնիկական ոլորտում: Այժմ ամերիկյան սպառազինության որոշ տեսակներ ամենատարածվածն են աշխարհում, իրենց տեսակի մեջ եզակի են և ամենակարևորը լայնորեն կապված են այլ զենքերի հետ, այսինքն` ինտեգրված են մեկ ընդհանուր համակարգի մեջ աշխատելու համար:
Նման զենքերից է աշխարհի ամենատարածված, բազմաֆունկցիոնալ և ամենաշատ պատերազմած չորրորդ սերնդի F-16C կործանիչը: Նույնպիսի մեքենա է դառնում նաեւ նոր սերնդի F-35 կործանիչը, որը առաջիկա 20-30 տարում իր տեսակի մեջ շատ չափանիշներով կարող է հավասարը չունենալ: Ամերիկյան մարտական թռչող սարքերից բացառիկ են աշխարհի լավագույն հարվածային AH-1Z Viper և AH-64D Apache Longbow ուղղաթիռները: Դրանց կիրառությունը մասնավորապես լեռնային տեղանքում շատ հաջողված է: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում ամերիկյան տրանսպորտային փոքր ուղղաթիռները:
Հիանալի մեքենա է նաև ամերիկյան A-10 գրոհիչ ինքնաթիռը, որը իր տվյալներով մոտեցել է անգամ մարտավարական կործանիչներին: Մեզ համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում աշխարհի ամենատարածված MLRS համազարկային կրակի ռեակտիվ համալիրները, որոնք աշխարհում առաջինն էին, որ նույն կայանից կարող են արձակել և´ սովորական հրթիռներ, և´ մարտավարական և´ օպերատիվ մարտավարական հրթիռներ: Իսկ այդ հրթիռները հիմնականում գերճշգրիտ են, ունեն արբանյակային ուղղորդում: Նման համալիրներ են նաև չինական WS-1B, WS-2D իսրայելական LAR-160, MAR-290 և այլ համալիրները: Ամերիկյան հակատանկային FGM-148 Javelin հրթիռային համալիրը աշխարհում միակն է, որը արձակելուց հետո հրթիռի ուղղորդում չի պահանջում: Այն ամենատարածվածներից է աշխարհում: Ամերիկյան դիպուկահար հրացանները` գրեթե բոլոր ենթատեսակներում, լավագույնն են աշխարհում, իսկ գերճշգրիտ կրակի CheyTac համակարգի զենքերը դուրս են բոլոր տեսակի համեմատություններից: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում, ինչպես արդեն նշեցինք, ամերիկյան կապի և կառավարման էլեկտրոնային համակարգերը: Ընդհանրապես դժվար է գտնել որևէ մի տեսակի ամերիկյան զինատեսակ, որը իր տեսակի մեջ չլինի առնվազն լավագույններից մեկը:
Իհարկե, ամերիկյան զինատեսակներ ստանալը բավականին դժվար է տարբեր` քաղաքական, տնտեսական և այլ պատճառներով: Սակայն որոշակի մատակարարումները, իսկ որ ավելի կարևոր է, ռազմատեխնիկական համագործակցությունը ռազմաարդյունաբերության ոլորտում միանգամայն հնարավոր է: Կարծում եմ` ռազմական համագործակցությունն աշխարհի հզորագույն պետության և բանակի հետ կարևոր գործոն է ՀՀ անվտանգության ապահովման և ոլորտի մշտական զարգացման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում