ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐ. քաղաքական «խոստովանությունների» հետքերով
Խորհրդարանական ընտրապայքարին մասնակից գրեթե բոլոր քաղաքական ուժերի նախընտրական կարգախոսներն արդեն հայտնի են: Շատերի համար այդ կարգախոսները հեղինակների ստեղծագործ մտքի թռիչքը ցուցանող ձևակերպումներ են, մինչդեռ շատերի համար էլ ընտրապայքարի բովում հայտնված քաղաքական ուժերի գործունեության նպատակների «ինդիկատորներն» են կամ ցուցիչները:
Եթե փորձենք մի պահ վերանալ այն իրողությունից, թե յուրաքանչյուրս ինչ վերաբերմունք ունենք այս կամ այն քաղաքական ուժի հանդեպ, ապա խնդրահարույց կարգախոսները կարող են բավականին «հարուստ» վերլուծական նյութ հանդիսանալ դրանք հռչակած քաղաքական ուժերի «նպատակների որպիսությունը» հասկանալու համար: Այսինքն՝ առաջնորդվելով «ի՞նչ են հուշում կարգախոսները» հարցադրմամբ՝ կարող ենք ստանալ բավականին ուշագրավ պատկեր, որը զերծ կլինի, ասենք, «ի՞նչ են հուշում աստղերը» հաղորդման «նախապաշարմունքայնությունից»:
Կոալիցիոն իշխանության ներկայացուցիչների /ՀՀԿ, ԲՀԿ/ ոչ կոալիցիոն կարգախոսներն ունեն ընդհանրություններ, քանզի երկուսի պարագայում էլ խոսք է գնում հավատալու անհրաժեշտության մասին: ՀՀԿ-ի «Հավատա՛նք, որ փոխենք» կարգախոսը ԲՀԿ-ն «շարունակում» է «Հավատա՛, վստահի՛ր, պահանջի՛ր» տարբերակով /նշենք միայն, որ ԲՀԿ կարգախոսներից են նաև հետևյալները. «Հզոր պետություն, զարգացող տնտեսություն, բարեկեցիկ ընտանիք», «Մեր խոսքը գործ է»/:
Անշուշտ, այս կարգախոսները որոշակիորեն վկայում են այն մասին, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն գիտակցում են հավատի որոշակի դեֆիցիտը ընտրազանգվածի մոտ և անկեղծորեն բարձրաձայնում դրա մասին: Եվ դա միանգամայն հասկանալի է, քանզի հավատի առկայության պարագայում անիմաստ կլիներ հավատալուն ուղղված կարգախոսով հանդես գալը: Այսինքն՝ այդ կարգախոսները վկայում են այն մասին, որ գոյության ծանրածանր պայքարի բովում հայտնված բազմաթիվ ընտրողների համար իշխանությունների ունեցած որոշ ձեռքբերումները հիմնավոր սպեղանի չեն հանդիսանում, ուստի պետք է ոչ միայն զուտ ռացիոնալ դաշտում վաստակել վստահության քվեն, այլև՝ էմոցիոնալ: ԲՀԿ կարգախոսների և ՀՀԿ-կարգախոսի դրական կողմերից պետք է համարել «համընդհանրականությունը» /դրանցում նկատվում է ոչ թե «ընդդեմ, այլ՝ հանուն» մոտեցման ոգին/: Այսինքն, զուտ կարգախոսների մակարդակում ընտրողը կարող է նկատել, որ նպատակ է դրված փոխելու բոլորի կյանքը:
Ապակառուցողական երանգներից զերծ է նաև ՕԵԿ-ի «Վստահե՛ք, որ կառուցենք օրենքի Հայաստան» կարգախոսը: Վերջինս վկայում է այն մասին, որ ՕԵԿ-ը իր քաղաքական առաջնահերթությունն է համարում օրենքի գերակայության հաստատումը: Անշուշտ, այս կարգախոսի կյանքի կոչումը շատերի երազանքն է, սակայն նկատենք, որ ՕԵԿ կարգախոսը միակողմանի բնույթ ունի և չի արտացոլում հասարակական լայն շրջանակների սպասումների ողջ համախումբը: Բանն այն է, որ ընտրազանգվածը ոչ միայն ակնկալում է օրենքի առջև բոլորի հավասարություն, այլև սեփական կյանքի որակական փոփոխություն: Այնպիսի փոփոխություն, որի համատեքստում ՀՀ քաղաքացի լինելը կլինի ոչ թե «ծանր բեռ», այլև մեծ պատիվ ու հաջողություն:
Ասել կուզենք, որ ՕԵԿ կարգախոսը տնտեսական զարգացման և կյանքի որակի բարձրացման խնդիրը կարծես «մոռացել» է, ինչը որոշակիորեն թերի է դարձնում կարգախոսը: Չմոռանանք նաև նշել, որ ԽՍՀՄ-ն էլ էր օրենքի երկիր, սակայն մարդու հիմնարար իրավունքների պաշտպանման տեսանկյունից խիստ խոցելի էր: Ուստի, մեզ պետք է ոչ միայն և գուցե թե ոչ այնքան օրենքի երկիր, որքան քաղաքացու և մարդու իրավունքները «սպասարկող», ապագայի հանդեպ հավատ սերմանող երկիր, որտեղ, բնականաբար, նաև օրենքի տառին հետևելը պետք է դառնա գործունեության «մշակույթ»:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության «Ես` մենք ենք, հաղթենք միասին» և ՀԿԿ «Կոմունիստների հաղթանակը ժողովրդի հաղթանակն է» կարգախոսներն ունեն նկատելի ընդհանրություններ և տարբերություններ: Երկու ուժերի կարագախոսներն էլ ոչ թե հատվածական, այլ հավաքական հաղթանակի նպատակն են ազդարարում: Ոչ երաժշտական ստեղծագործության իմաստով ականջահաճո այս ձևակերպումներն այնուամենայնիվ մտորումների տեղիք են տալիս: ՀԴԿ-ի միասին հաղթելու նպատակը խիստ «աղքատիկ» է, այն ոչինչ չի նախանշում հաղթանակի «պտուղների» առընչությամբ: Ասել կուզենք՝ «Հաղթեցիք՝ բա հետո՞»: Այդ «հետո»-ն չկա: Ինչ վերաբերում է ՀԿԿ-ի կարգախոսին, ապա հուսանք, որ նրանց առաջարկած «ժողովրդի հաղթանակը» չի դառնա ժողովրդի «պյուռոսյան հաղթանակ», ասել է թե՝ ինքնակործան հաղթանակ:
ՀՅԴ «Ազատություն, արդարություն, Դաշնակցություն» կարգախոսը ևս հասարակական ընկալելիության մեծ ներուժ ունի, քանզի նպատակամիտված է ազատության և արդարության մթնոլորտի կայացմանը հայաստանյան իրականության մեջ: Այս կարգախոսում միայն Դաշնակցություն եզրի օգտագործման նպատակն է մնում որոշակիորեն անհասկանալի, սակայն, ընդհանուր առմամբ, կարգախոսն առաջարկում է համապատասխան արժեքներ կյանքի կոչելու նպատակը:
«Միավորված հայեր» կուսակցության կարգախոսներից որոշները /«Ճշմարիտ սոցիալ-իրավական պետություն եւ իրավունքի գերակայություն», «Հայե՛ր, միացե՛ք իրավական երկրում»/ ևս դրական «հաղորդագրություններ» է ներառում, որոնք առաջարկում են ապագայի Հայաստանի որոշակիորեն բարեփոխված տարբերակը:
Չնայած վերոգրյալ կարգախոսների միջև առկա տարբերություններին՝ այնուամենայնիվ նշենք, որ դրանց բոլորին բնորոշ է «հանուն ինչ-որ բանի կամ արժեքի» միտված լինելը, դրանք հիմնականում առաջարկում են բոլորին վերաբերող փոփոխությունների կոնկրետ տարբերակներ:
Մինչդեռ այլ է պատկերը մեկ այլ քաղաքական ուժի՝ ՀԱԿ-ի պարագայում, որն «ինքնատիպության» իր հաղթարշավը «միակ ընդդիմադիրը լինելու» գաղափարի հարթությունից հասցրել է կարգախոսային ինքնատիպության հարթակ: Ավաղ, բացասական իմաստով: Ասվածն առավել առարկայական կդառնա, եթե ներկայացնենք և վերլուծենք ՀԱԿ-ի կարգախոսը: Վերջինս՝ «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին», մարտի 30-ի հանրահավաքի ժամանակ հնչեցվել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից և տարբեր գնահատականների արժանացել: Ավելացնենք միայն, որ մինչև այս կարգախոսը Գուրգեն Եղիազարյանն էլ հայտնել էր «Գողը պետք է լինի բանտում» կարգախոսն ընտրելու նպատակահարմարությունը: Իրարից շատ չտարբերվող այս կարգախոսներում հստակ կարելի է արձանագրել մի շարք թերություններ, որոնք, անշուշտ, վկայությունն են նաև բարձրաձայնող քաղաքական ուժի նպատակների «թերության»: Հապճեպ ընդհանրացումներից խուսափելու, ինչպես նաև տառակերության մոլուցք ունեցողների համար հատուկ նշեմ, որ տողերիս հեղինակը բնավ չի վիճարկում այն, որ եթե որևէ ռեժիմ իրապես և հիմնավոր կերպով հանցագործ է, ապա դրան ձայն տալը նպատակահարմար չէ, և եթե գողի հետ գործ ունենք, ապա գործ ունենք քրեական պատասխանատվության ենթակա սուբյեկտի հետ: Խնդիրն այստեղ այլ է: Այն, թե ինչ նպատակ է դնում ՀԱԿ-ը իր գործունեության հիմքում և ինչի կարող ենք հանգել այդ նպատակը կյանքի կոչելու պարագայում:
Մինչ ՀԱԿ-ի պաշտոնական կարգախոսին անցնելը նշենք, որ Գ. Եղիազարյանի նախապատվության արդյունք հանդիսացող կարգախոսը նպատակահարմար կլիներ օգտագործել որպես դիդակտիկ նյութ կամ «թևավոր խոսք» իրավունք ուսումնասիրող դպրոցականների համար, այլ ոչ երբեք որպես քաղաքական նշանաբան, քանզի առավելապես ոստիկանի գործառույթների գիտակցումով առաջնորդվելու դեպքում «կորուսյալ աշխարհի» կվերածենք բազմաոլորտ բարեփոխումների կարիք ունեցող պետությունը: Այսինքն՝ հանցագործին արժանին մատուցել՝ չի նշանակում ոչ-հանցագործի կյանքը էապես բարեփոխել:
Ինչ վերաբերում է ՀԱԿ պաշտոնական կարգախոսին, ապա այն ևս լուրջ մտորումների և հարցերի տեղիք է տալիս: Բանն այն է, որ ընտրազանգվածն այսօր կարիք ունի իր կյանքը բարեփոխված տեսնելու և այդ բարեփոխումը կյանքի կոչելուն կարող անկեղծ ուժի: Մինչդեռ ՀԱԿ կարգախոսը, ըստ էության, ոչինչ չի ապահովում այդ կարիքը բավարարելու համար: «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին» կարգախոսով առաջնորդվող ուժը կարծես իր քաղաքական նպատակն է համարում ինչ-որ բանի դեմ պայքարը, այլ ոչ հանուն որևէ բանի պայքարելը: Զուտ կարգախոսից կարելի է գալ այն եզրակացության, որ ՀԱԿ-ը խնդիր ունի ցույց տալու, որ այս իշխանությունները վատն են, մինդեռ առավել խոստումնալից կլիներ այն, որ ցույց տար իր լավը լինելը: Եվ եթե ՀԱԿ-ը վստահ է, որ «ռեժիմը հանցագործ» է և ընտրողը իսկապես ի խորոց սրտի հոգնել է այդ վատ իշխանություններից, ապա ինչու՞ է այդքան անհագստացած՝ կարգախոս ընտրելով «Ոչ մի ձայնը…..»:
Համոզված ենք, որ բացարձակ վստահություն և հեղինակություն չներշնչող ուժի հանդեպ ընտրազանգվածը քվեներ չի շռայլի: Այլ բան է, որ տարաբնույթ քաղաքական ուժերի հետ կապված խոստումնալից ապագա չտեսնելը կարող է ընտրողին դրդել իրավիճակային ընտրության: Բացի այդ, հանցագործ ռեժիմ ասելով ՀԱԿ-ը ու՞մ նկատի ունի: Եթե նկատի ունի միայն ՀՀԿ-ին՝ որպես այդ ռեժիմի հեղինակ, ապա սա արդյո՞ք կոալիցիոն կառավարության մյուս սուբյեկտների «մեղքերի» ոչ քրիստոնեական թողություն չէ: Չէ՞ որ դրանք էլ «հանցավոր ռեժիմի» մաս են կազմել: Իսկ եթե որպես հանցավոր ռեժիմի դերակատարներ նկատի ունի նաև ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը, ապա ինչպես հասկանանք ամիսներ առաջ «հանցավոր ռեժիմի դերակատար» ԲՀԿ-ին ուղղված համագործակցության կոչը: Ավելին, եթե հաշվի առնենք նաև այն, որ ՀԱԿ-ը իրեն է համարում իրական ընդդիմություն, ապա ստացվում է, որ «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին» կարգախոսի առավել ճիշտ տարբերակը կլիներ «Ոչ մի ձայն այլ քաղաքական ուժերի», քանզի եթե կա հանցավոր ռեժիմ և դրան ռեալ ընդդիմադիր մեկ քաղաքական ուժ՝ ՀԱԿ-ը, ապա պարզ է դառնում, որ մնացած ուժերը հանցավոր ռեժիմի կցորդներ են: Իսկ այս դեպքում առավել արդարացի կլիներ, եթե ՀԱԿ-ը բացահայտ կերպով բարձրաձայներ միայն իրեն ընտրելու նպատակահարմարությունը և հիմնավոր կերպով կարողանար ցույց տալ իր անայլընտրանքային լինելը:
ՀԱԿ կարգախոսի հետ կապված մյուս մտահոգությունն այն է, որ դրանից ընտրողը չի կարող կողմնորոշվել, թե թմբկահարվող «հանցավոր ռեժիմից» ազատվելուց հետո ապագա «ոչ-հանցավոր ռեժիմը» ինչ է իրեն տալու, ինչպիսի ապագա է իրեն խոստանում, մանավանդ այն դեպքում, որ ՀԱԿ-առաջնորդի համոզմամբ ՀԱԿ-ը հատուկ նախընտրական ծրագրով հանդես գալու կարիք չունեցող միակ քաղաքական ուժն է: Համոզված ենք, որ ՀԱԿ-ը կշահեր, եթե իր կարգախոսը բովանդակեր ՀՀ քաղաքացու ներկայի և ապագայի հույսերն ու ցանկությունները, այն նպատակները, որոնց իրագործումն էլ կլիներ ՀԱԿ-ի կարգախոսային նպատակը:
Անշուշտ, յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի ինքնագնահատման իրավունք, սակայն իրավունք չունի այդ արդարացի կամ անարդար ինքնագնահատականը պարտադրել բոլորին: Իրավիճակը «ապոկալիպտիկ» կերպով ներկայացնելը և փրկարար առաքելություն իրականացնելու հավակնություններ ունենալը հավանաբար սրբերի գործն է, սակայն, չմոռանանք, որ քաղաքականության մեջ «սրբեր» չկան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում