«Համերաշխությունը» ընտրակաշառք է բաժանո՞ւմ
Այս օրերին ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած բոլոր կուսակցությունները զբաղված են ուժերը մոբիլիզացնելու գործառույթով. կուսակցությունների անդամները, դռնեդուռ ընկած, հավաքագրում են քաղաքացիների անձնագրային տվյալները:
Նմանատիպ մի ահազանգ էլ Իջևանից ստացավ Panorama.am-ը` մեզ դիմած քաղաքացին նշում էր, որ «Համերաշխություն» կուսակցության ակտիվը իջևանցիների անձնագրային տվյալներն է հավաքագրում: Ավելին` ակնարկեց, որ որոշ դեպքերում անգամ գումար է խոստացվում, եթե նրանք ընտրեն ԲՀԿ-ին:
Հիշեցնենք, փետրվարի վերջին կուսակցությունն իր համագումարում հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում սատարելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և «Համերաշխության» առաջնորդ Սարգիս Ավետիսյանը մայիսին կայանալիք ընտրություններին մասնակցելու է ԲՀԿ համամասնական ցուցակով ( նա 33-րդ հորիզոնականում է):
«Մենք իսկապես նմանատիպ աշխատանքներ տանում ենք, բայց ձեզ այլ կերպ է ներկայացվել` մենք զուտ մեր կուսակիցների շրջանում ենք աշխատանքներ տանում: Ավելին ասեմ` «Համերաշխությունն» ունի 30 հազար գրանցված անդամ և կողմնակից, հանրապետության գրեթե բոլոր մարզերում ունենք մեր կառույցները և չեմ կարծում, թե այդ գործընթացը անօրինական է»,-Panorama.am-ի հարցադրմանն ի պատասխան նշեց Ս.Ավետիսյանը:
Անդրադառնալով ընտրակաշառքների մասին տեղեկատվությանը, որ, իբր, իրենք խոստանում են դրա դիմաց անձնագրային տվյալ հավաքագրելով` Ս.Ավետիսյանը, նախ, նշեց, որ 30 հազար կողմնակցի աջակցությունը ինքնին քիչ չէ, որ իրենք զբաղվեին նմանատիպ անօրինականությամբ: Իսկ հետո էլ հավելեց.
«Եթե խոսում են, թող օրինակներով խոսեն` ո՞վ, ո՞ւմ և ինչքա՞ն գումար է առաջարկել, այլապես այս շրջանում ամեն նմանատիպ ու անհիմն տեղեկատվությանը պատասխանելը առնվազն անիմաստ ժամանակի կորուստ կլինի»:
Եվս մեկ հարց` որքանո՞վ են համապատասխանում իրականությանն այն լուրերը, թե Ս.Ավետիսյանին գործադիրում պաշտոն է խոստացվել, իսկ ավելի կոնկրետ` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պորտֆելը.
«Ո՞վ կարող է այսօր կանխորոշել ընտրությունների արդյունքները, այն էլ կառավարության ձևավորումը և ասել, որ այս կամ այն անձին այսինչ պաշտոնն է խոստացվել: Նման ոչ մի քննարկում, բանականար, չի եղել»,- միայն արձագանքեց նա:
Նշենք, որ Ս.Ավետիսյանը զբաղեցնում է Սոցիալական ապահովության պետական ծառայության Մասիսի տարածքի բաժնի պետի պաշտոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում