Փորձագետ. Ադրբեջանի կառավարությունը ոչ միայն քանդում է մարդկանց տները, այլ կործանում մարդկանց կյանքերը
«Reuters» գործակալությունն անդրադարձել է Ադրբեջանում «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթին ընդառաջ մի շարք քաղաքացիների իրավունքների ոտնահարման փաստերին:
«Ադրբեջանի նախագահի հրամանով կառուցվել է շքեղ «Crystal Hall» մարզահամերգային համալիրը` «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթն այնտեղ անցկացնելու համար, սակայն քննադատները պնդում են, որ կառավարությունը ոտնահարում է քաղաքացիների իրավունքները` քանդելով նրանց տները»,- նշված է հոդվածում:
«Ադրբեջանի կառավարությունը ոչ միայն քանդում է մարդկանց տները, այլ` կործանում մարդկանց կյանքեր: «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթը թույլ է տալիս կառավարությանը` հազարավոր այցելուների ցույց տալ Բաքվի լավ հատկանիշները, բայց դրա փոխարեն, Ադրբեջանի կառավարությունը ցույց է տալիս, թե ինչպես է ոտնահարում մարդու իրավունքները»,- նշել է «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փորձագետ Ջեյն Բուչանան:
Գործակալությունը նաև հիշեցնում է, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես տեղեկացրել էր Եվրոպական հեռարձակողների միությանը, որ Հայաստանը հրաժարվում է մասնակցել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթին: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտարարել էր, որ չնայած Ադրբեջանի կառավարության կողմից` անվտանգության երաշխիքների վերաբերյալ հայտարարություններին, Ալիևը նշել է, որ իր երկրի համար առաջին թշնամին դա Հայաստանն է: