Բաքուն իրեն «ռետինե խողովակի» տեղ է դնում
«Ռուսաստանի արտգործնախարար Ս.Լավրովը ապրիլի 2-6-ն ընկած ժամանակամիջոցում շրջայց է կատարում Հայաստան, Ադրբեջան, Ղըրղզստան Ղազախստան երթուղով՝ օգտագործելով Ռուսաստանի եւ հետխորհրդային նորանկախ երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի առիթը։ Այցի ընթացքում արձանագրվող նորանոր փաստերը վկայում են, որ Ս.Լավրովի ներկա շրջագայությունը յուրահատուկ ստուգողական քայլ է այն գործընկերների հանդեպ, որոնք հայտնվել են բարդ աշխարհաքաղաքական մարտահրավերների առջև:….Նման պայմաններում Ադրբեջանը փորձելու է ուժեղացնել Հայաստանի շրջափակումը՝ օգտագործելով արևմտյան թափանցումների նոր ալիքը։ Մինչ այդ, օգտագործելով անգամ Գաբալայի ՌԼԿ-ի վարձակալման ժամկետների երկարաձգման խնդիրը, Բաքուն սկսել է շանտաժի ենթարկել Ռուսաստանին։ Կասպից ծովի հատակով ադրբեջանա-թուրքմենական գազատար կառուցելու Եվրամիության փորձերը սպառնում են իրադրությունը դուրս բերել վերահսկողությունից։ Եվրոպացիների նման քայլերը Ս.Լավրովի կողմից Երևանում գնահատվեցին իբրև «սադրիչ»։
Ավելին՝ դրանք փաստորեն անուղղակիորեն կապվում են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, որոնց համատեքստում Ռուսաստանի արտգործնախարարը հստակորեն արտահայտվեց Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը հօգուտ նրա ժողովրդի կողմից որոշվելու անհրաժեշտության։ …Այս նպատակով առաջիկա ամռանը Հայաստանում նախատեսվում է կազմակերպել լայնածավալ զորավարժություններ, որոնք արդեն լուրջ անհանգստություն են առաջացրել հարևան Վրաստանում, մինչդեռ դրանց իրական թիրախը ներկա տարածաշրջանային բանավեճի առանցքը դարձող Ադրբեջանն է: Ադրբեջանը նման շանտաժի միջոցով փորձում է Ղարաբաղի հարցում «իր կողմը քաշել» Ռուսաստանին։ Բաքուն դեմ չի լինի օգտագործել նաև Իսրայելի և ԱՄՆ-ի ձգտումը՝ Ադրբեջանը վերածելու Իրանի դեմ ուղղված ռազմական հենակետի։ Սակայն այս հարցում պաշտոնական Բաքուն առայժմ երկակի խաղ է խաղում, այսինքն՝ մի կողմից, կարողանում է Իսրայելի հետ արդիական զենքի գնման մեծածավալ գործարքներ կնքել, մյուս կողմից էլ խոստանալ, որ դրանք կուղղվեն ոչ թե Իրանի, այլ Ղարաբաղի դեմ։
Ադրբեջանի ղեկավարությունը առայժմ իրեն ոչ թե գազատար կամ նավթատար, այլ սովորական՝ «ռետինե խողովակի» տեղ է դնում՝ անվերջ խուսանավելով ու խաբելով իր գործընկերներին։ Բայց քանի որ տարածաշրջանի համար պայքարում գնալով ավելի ու ավելի հզոր ուժեր են ներգրավվում, նման «խողովակը» վաղ թե ուշ ծռվելու ու ծառայեցվելու է մի կողմից՝ Եվրամիության էներգետիկ, մյուս կողմից՝ Իսրայելի ու ԱՄՆ-ի հակաիրանական ծրագրերին՝ լայն դաշտ բացելով Ղարաբաղի հարցում հայկական կողմի պատասխան զորաշարժերի համար»,- իր վերլուծականում գրում է «Հայոց աշխարհը»։