ՀՅԴ թեկնածուի կինը «Լֆիկ Սամոյից» «Փարվանա»-ում խնջույքի մասնակցելու հրավեր է ստացել
Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմից զանգահարել են նույն համայնքի բնակիչ Արթուր Եղիազարյանի բնակարան, որն ի դեպ, Հ. Յ. Դաշնակցության կողմից պատգամավորության թեկնածու է առաջադրվել թիվ 8 ընտրատարածքում (Մալաթիա-Սեբաստիա) և նրա կնոջը Սամվել Ալեքսանյանի («Լֆիկ Սամո») անունից հրավիրել Փարվանա խնջույքի: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՅԴ թեկնածուն:
Գործարար և այդ ռեստորանի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը պատգամավորության թեկնածու է առաջադրվել նույն համայնքի մի մասն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում: Մալաթիա-Սեբաստիա համայնքը ղեկավարում է Դավիթ Օհանյանը: «Սամվել Ալեքսանյանի ու Դավիթ Օհանյանի անունից զանգեցին ու կնոջս` Մայրության և գեղեցկության օրվա` ապրիլի 7-ի առիթով հրավիրեցին «Փարվանա» ռեստորան` խնջույքի», -մեզ հետ զրույցում փոխանցեց Արթուր Եղիազարյանը:
Վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանից փորձեցինք պարզել, թե արդյոք այդպիսով նախընտրական շրջանում հօգուտ Ալեքսանյանի վարչական ռեսուրս չի՞ կիրառվում: «Դա մեր վարչական շրջանի համար նորույթ չէ և կարող եք բոլորին հարցնել` դա արվում է, թե ոչ: Ամեն տարի վարչական շրջանի ակտիվի համար պարոն Ալեքսանյանը և ես կազմակերպում ենք նման երեկո», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեց Օհանյանը:
Հետաքրքրվեցինք` դա նախընտրական նվեր չէ՞ համայնքի կանանց համար: «Ոչ, ոչ, բացարձակ, դա ավանդույթ է», -պատասանեց Օհանյանը:
Դուք Ալեքսանյանի հետ աշխատում եք միասին նրա նախընտրական քարոզչություան համա՞ր, մեր այս հարցին Օհանյանը արձագանքեց այսպես. «Ես Ալեքսանյանի հետ չեմ աշխատում, հարգելիս: ես աշխատում եմ վարչական շրջանի ղեկավար, Ալեքսանյանը` պատգամավոր: Մենք ընկերներ ենք և շրջանի համար բազմաթիվ ծրագրեր ունենք»:
«Մեր երեք որդիները շուտով 18-19 տարեկան են դառնում և առ այսօր նման հրավերք չէինք տեսել ու լսել: Վարչական ռեսուրս է գործադրվում: Այսօր էլ տուն էին եկել ու հորդորում էին Հանրապետականի թեկնածուին ընտրել», -իր հերթին փոխանցեց դաշնակցական թեկնածուն:
Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկում է ապրիլի 8-ին: Խնջույքը համայնքի կանանց համար տեղի է ունենալու ապրիլի 9-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա