Նախարարը խոստացել է, որ օլիմպիադայի լավագույն մասնակիցները ճամբարներում հանգստանալու ուղեգրեր կստանան
Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում մեկնարկել է «Կենսաբանություն» առարկայի հանրապետական օլիմպիադան: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Հովսեփյանը և ՀՀ կառավարությանն առընթեր Գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, հայտնում է ԿԳՆ պաշտոնական կայքը: Ողջունելով և հաջողություն մաղթելով օլիմպիականներին` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է. «22 տարի առաջ ես էլ եմ մասնակցել «Կենսաբանության» օլիմպիադիային:
Ցավոք, առաջին տեղը գրավել չստացվեց, բայց 3-րդ տեղին արժանանալ կարողացա: Ինչպես այդ օրը, այնպես էլ անցած 22 տարիներին մշտապես համոզված եմ եղել, որ հաջողության ամենակարևոր գրավականը գիտելիքն է: Սիրելի աշակերտներ, դուք, մինչ հանրապետական փուլին հասնելը հաղթահարել եք մի քանի փուլ: Հանրապետական փուլի հաղթողները մասնակցելու են միջազգային օլիմպիադային՝ ներկայացնելով մեր երկիրը: Շարունակելով մեդալներով հայրենիք վերադառնալու բարի ավանդույթը, ուզում եմ հույս հայտնել, որ այս տարի «Կենսաբանություն» առարկայից ևս կունենանք մեդալներ: Ձեզ մաղթում եմ բարի և ազնիվ մրցություն»:
Նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է նաև, որ «Կենսաբանություն» առարկայի օլիմպիադայի գործնական առաջադրանքներն աշակերտները կանցկացնեն այս դպրոցում առկա տեխնիկապես լավագույնս վերազինված լաբորատորիաներում:
ՀՀ ԿԳ նախարարը շրջել է նաև թիվ 118 դպրոցում՝ կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաներում, ներկա եղել գործնական դասի: «Հանրապետության դպրոցների 2/3-րդը այսօր կահավորված են ժամանակակից լաբորատորիաներով: Խնդրի վերջնական լուծումը նախատեսված է մոտ ապագայում: Առաջնային է նաև համակարգչային լաբորատորիաների պահանջարկը: Համակարգչային լաբորատորիաները ոչ միայն ինֆորմատիկայի դասավանդման համար են, այլ նաև այլ առարկաների՝ համապատասխան էլեկտրոնային բովանդակությամբ դասընթացների համար»,- նշել է նախարարը և հավելել, որ կարևոր է ավագ դպրոցների համագործակցությունը համապատասխան մասնագիտացմամբ բուհերի հետ, ինչը կբարձրացնի նախամասնագիտական կրթության արդյունավետությունը:
«Կենսաբանություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել են 97 աշակերտ Երևանից և մարզերից: Նախարարը խոստացել է, որ օլիմպիադայի լավագույն մասնակիցները ճամբարներում հանգստանալու ուղեգրեր կստանան:
ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից անցկացվում են օլիմպիադաներ 16 առարկաներից, որնցից 2-ը՝ «Հայ եկեղեցու պատմություն» և «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկաների օլիմպիադաները մտցվել են վերջին 3 տարում:
ՀՀ աշակերտները 6 առարկաներից մասնակցում են նաև միջազգային օլիմպիադաների, որտեղից, որպես կանոն վերադառնում են տպավորիչ արդյունքներով և հաղթանակներով: Անցյալ տարի մեր դպրոցականները միջազգային օլիմպիադաներում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Աստղագիտություն», «Ֆիզիկա» առարկաներից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան