Վ. Այվազյան. Առանց մաքսային միության անդամ դառնալու էլ մենք շահավետ համագործակցում ենք
«Մենք «ԵվրԱզԷՍ»-ի անդամների հետ խորը հարաբերություններ ունենք, տնտեսական դաշտում 20-ից ավելի պայմանագրեր են գործում, մաքսատուրքերի հետ կապված համապատասխան պայմանավորվածություններ ունենք: Այսինքն՝ առանց մաքսային միության անդամ դառնալու էլ մենք շահավետ համագործակցում ենք»,- մեկնաբանելով ՀՀ վարչապետի՝ «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հանձնձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետն անդրադառնալով Մաքսային միությանը միանալու հնարավորությանն ասել էր. «Համաշխարհային պրակտիկայում չկա մի օրինակ, որ երկիրն ընդհանուր սահման չունենալով, դառնա Մաքսային միության անդամ: Դա անիմաստ կլինի: Մաքսային միության իմաստն այն է, որ ապրանքների փոխանակումը տեղի ունենա առանց մաքսային ստուգման: Մեր դեպքում դա անհնար է, քանի որ մենք պետք է անցնենք հարևան երկրի տարածքով և երկու անգամ մաքսազերծում հաղթահարենք: Դա անիմաստ է դարձնում տնտեսվարող սուբյեկտների համար մաքսազերծման պարզեցման այդ ողջ ընթացակարգը: Արդյունքում մենք կստանանք միայն խնդիրներ` կապված մաքսային տուրքերի ու հարկերի բարձրացման հետ: Տնտեսական տեսանկյունից դա աննպատակահարմար է: Մեր ռուս գործընկերներն ըմբռնումով են մոտենում այս իրավիճակին: Մենք համագործակցության ձևեր ենք փնտրում առանց Մաքսային միության: Ըստ ամենայնի, կարելի է խոսել մեկ այլ նոր պլատֆորմի կամ Հայաստանի հատուկ կարգավիճակի մասին:
Վ. Այվազյանի խոսքերով, այդ նույն երկրների հետ խորը համագործակցության արդյունքում կողմերը ազատված են երկակի հարկման մեխանիզմներից: «Եթե դու չունես ընդհանուր սահման, ինչպես դու կարող ես միասնական մեկ մաքսային սահմանի կիրառման տարբերակը կիրառել, որն է այդ մոտեցման տրամաբանությունը: Հայաստանը ինտեգրացիոն ճանապարհ է անցնում ու այդ ճանապարհին փորձում է արդյունավետ համագործակցություն հաստատել ոչ միայն ԵՄ-ի, ԱՊՀ-ի, այլ նաև դրանց անդամ երկրների հետ: Հայաստանը կոմունիկացիոն տեսանկյունից բավականին բարդ աշխարհագրական դիրք ունի, սակայն մենք ամեն ինչ անում ենք մրցունակ տնտեսություն ստեղծելու համար»,- ասաց նա:
Հարցին, թե՝ արդյոք Հայաստան-ԵՄ հարաբերությունները խոչընդոտ չեն Հայաստան-ԱՊՀ-«ԵվրԱզԷՍ» հարաբերություններին՝ վերջինս նշեց. «Իհարկե ոչ: Ավելին՝ նրանք միմյանց փոխլրացնող հարաբերություններ են: Մենք ձգտում ենք ազատ առևտրային համագործակցության ստեղծմանը, նույնն անում են նաև ԱՊՀ երկրները, մենք բոլորս էլ այդ ուղղությամբ ենք գնում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու